ՀՀ ուղևորափոխադրող ընկերությունների կրած վնասները Լարսի փլվածքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Վրաստանի Ներքին Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած փլվածքի հետևանքով Հայաստանում գործող մի քանի տուր-ընկերություններ վնասով են աշխատում:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Armlur.am-ը կապ հաստատեց որոշ ընկերությունների հետ` իմանալու համար` ինչ վնասներ են կրել նրանք և ինչպիսի օգնություն է ցուցաբերվել վթարի պահին իրենց ուղևորներին:

«Մոսկով տրանս» ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանից գնացած որևէ մեքենա չի տուժել, քանի որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան, իսկ Հայաստանից  երթուղի լինում է կիրակի և չորեքշաբթի օրերին:

«Այդ օրը մենք այնտեղից եկող երկու մեքենա ենք ունեցել: Ուղևորներին օգնություն ենք ցուցաբերել, տարել են մոտակա տեղեր, մարդիկ են եղել, որ Պյատիգորսկից միանգամից իրենց տուն ենք ուղեկցել: Մեր հիմնական վնասն այն է, որ արդեն 5-6 օր մեքենաները կանգնած են, ճանապարհը փակ է ոչ միայն ավտոբուսների, բեռնատարների, այլև՝ ընդհանուրի համար: Մոտակա 10 օրն էլ երևի փակ կլինի»,- հայտնեց Երևան-Մոսկվա երթուղին սպասարկող ընկերության աշխատակիցը:

Իսկ «Ավազար» ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դեպքի օրը վնասներ չեն կրել, և իրենց մեքենաներից դուրս եկածներ չեն եղել:

«Մենք որևէ վնաս չենք կրել: Այդ ժամանակ, բարեբախտաբար, չենք ունեցել: Որևէ ավտոբուս բաց չենք թողել, ոչ էլ այնտեղից է եկել: Դեռևս չենք կարողանում մեքենա բաց թողնել»,- հավելեց աշխատակիցը:

Տեղեկացնենք նաև, որ ԱԻՆ-ից ստացած տվյալների համաձայն` այս պահի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տաթև Հարությունյան




Լրահոս