ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեպետ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը դեռ վերջնական որոշում չեն կայացրել, թե ինչ տրամադրվածությամբ եւ ակնկալիքներով են գնում խորհրդարանական ընտրություններին, այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտնվել է իշխանության ուժային օղակների թիրախում: Եթե առաջ քաղաքական «թշնամիները» լեւոնականներն էին, ապա հիմա կամաց-կամաց դառնում են ԲՀԿ-ականները:
«Ժողովուրդ»-ի` ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ մինչ այս Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ եղած հանդիպումների արդյունքում քննարկվել են այսպիսի տարբերակներ. մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն կունենա 15 պատգամավորներ: Սակայն օրեր անց թիվը կրճատվել է` դառնալով 11: Այնուհետեւ էլի է Սերժ Սարգսյանը նվազեցրել թիվը` ի վերջո 9-ից էլ իջեցնելով 7-ի: Այսինքն` ըստ այս պահին ՀՀԿ-ԲՀԿ ղեկավարների միջեւ եղած պայմանավորվածության` ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով պետք է ունենա 7 պատգամավոր, դրա համար էլ ԲՀԿ-ն հրապարակավ հայտարարեց, որ այդ դեպքում բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրելու է իր թեկնածուներին: Իսկ ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգով պատգամավորների թվին, ապա այս պահին այդ մասով դեռ հստակություն չկա: Միայն փաստ է, որ ՀՀԿ-ն ցանկանում է 67 մանդատ ունենալ խորհրդարանում, որպեսզի մեծամասնություն կազմի: Սրա համար ՀՀԿ-ն պատրաստ է ամեն ինչի:
ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների հավաստմամբ` Հանրապետական կուսակցությունը փակ հարցումներ է կազմակերպել` ներքին օգտագործման համար, որպեսզի պարզի, թե իրականում ինչ պատկեր կա երկրում: Ըստ այդմ, հասարակության 33 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ ԲՀԿ-ին, իսկ 18 տոկոսը` ՀՀԿ-ին: Այս ցուցանիշը բավականին զայրացրել է ՀՀԿ ղեկավարությանը, դրա համար էլ նրանք սկսել են «թիրախավորել» ԲՀԿ-ին, որպեսզի գոնե վախի մթնոլորտի ձեւավորման հետեւանքով ԲՀԿ-ի կողքից համակիրները փախչեն:
Այս իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ պայմանով, եթե ԲՀԿ-ն իսկապես անի խոստացված հայտարարությունն առ այն, որ իրենք որեւէ առնչություն չունեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բացի այդ, չեն պատրաստվում առճակատման գնալ ՀՀԿ-ի հետ` համաձայնելով առաջարկված բոլոր պայմաններին: Կգնա՞ այս համաձայնությանը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ` ապագան ցույց կտա: Իսկ մինչ այդ ԲՀԿ-ի շրջանում տարատեսակ հանցագործներ կսկսեն հայտնաբերվել` տարբեր դրսեւորումներով: Կշարունակեն նաեւ ԲՀԿ-ականներին աշխատանքից ազատել, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին,  հետապնդել Ծառուկյանի ակտիվիստներին, ինչպես առաջին նախագահի մտերիմներին, եւ կուսակցականներին «պոկել» արմատներից, ինչը, սակայն չստացվեց անել ընդդիմադիրների շրջանում: Մի խոսքով, գործող իշխանությունն այլ ձեռագիր չունի. նրանք ճնշումների մեթոդը բանեցնելով են փորձում լուծել ուժեղ մրցակիցների հարցերը, որովհետեւ տասնյակ տարիներ լինելով իշխանության մեջ, կրելով պատասխանատվություն` 10 ձայն չեն ավելացրել ՀՀԿ-ի օգտին: Միայն վաստակել են համատարած ատելություն:
Իսկ ԲՀԿ-ն, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, առանձնապես մեծ ակնկալիքներ չունի… առայժմ (քանի դեռ քաղաքական պապաներն այլ բան չեն ասել): Քաղաքական այս միավորը ջանում է ԱԺ-ում ունենալ այնքան տեղ, ինչքան կարող է «մաքուրով» հավաքել: Սակայն այս պայմանը որեւէ կերպ ձեռնտու չէ ՀՀԿ-ին, քանի որ նա «մաքուրով» կպարտվի: Հետեւաբար պետք է պայմանավորվել: Իսկ ԲՀԿ-ն էլ, ունենալով խոշոր գործարար կուսակցական բոս, չի կարող չպայմանավորվել, ինչը նշանակում է, որ հաջորդ խորհրդարանի պատկերը կուրվագծվի առաջիկայում, հաստատ մինչեւ ընտրությունները: Ցավոք, բայց իշխանական կուլիսներում այսպիսի տրամադրություններ են:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս