«Ես միայն մասնիկ մը հասկցա» (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«30 տարի շարունակ հայրենիքում իր գործերը ցուցադրել ցանկացող ֆրանսահայ հայտնի նկարիչ Ժան Կազանջյանին միայն վերջերս հաջողվեց  դա անել. մայիսի  2-ին ՀՀ Ազգային պատկերասրահում բացվեց տաղանդաշատ նկարչի ցուցահանդեսը:

«Ժողովուրդ»-ն անմիջական զրույց ունեցավ սփյուռքաբնակ հայ նկարչի հետ` խոսելով նրա ստեղծագործական ուղու, Հայաստանում ցուցադրված գործերի, դրանց պատմության ևարծարծած խնդիրների մասին:

Ահա թե ինչպես է նկարագրում հեղինակն իր ստեղծագործական ուղու մեկնարկը. «22 տարեկան էի, երբ Լիբանանից գնացի Փարիզ: Այնտեղ նկարչությունից զատ, ոչնչի մասին չէի մտածում: Բայց հայրս, ով խիստ սասունցի էր, ասաց` դու պետք է դիպլոմ բերես, եթե դիպլոմ չբերես, դրամ չեմ տա: Դրամի պետք չունեի, բայց գնացի Փարիզի համալսարանում ճարտարագիտություն սովորելու: Սակայն նկարչության նկատմամբ ունեցած հակումս հաղթեց, ևթողնելով ամեն ինչ` գնացի դեպի նկարչություն»:

Կազանջյանը խոստովանում է, որ սկզբնական շրջանում ինքն ազդվել է գերմանացի նկարիչ Մարկ Դյուրեի գործերից: Հետո, կարդալով Դա Վինչիի մասին, ում ստեղծագործական աշխարհը շատ լայն է ու հետաքրքիր, հասկացել է` գտել է իր տեղը գույների բազմազան աշխարհում:

«Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի իտալացի հայտնի նկարիչ Ջորջիո դե Կիրիկոյին, ով ինձ նվիրեց իր կտավներից մեկը. ես 30 տարեկան էի, նա` 75 : Շատ լավ զրույց ունեցանք, և նա շատ գովեց ինձ»:

Դրան հաջորդում են արդեն հայտնի դարձած հեղինակի ցուցադրությունները` մեկը մյուսի հետեւից, ընդ որում` Փարիզի կենտրոնում: Մինչդեռ Հայաստան նա միայն օրերս կարողացավ այցելել, ինչը շատ մեծ բան է համարում` «Վերջապես իմ հայրենիքում եմ»:

Դեռևս 35 տարի առաջ  Սովետական Միության դեսպանի կազմակերպած երեկույթի ընթացքում հայազգի նկարչին առաջարկվել է  իր գործերը Հայաստանում ներկայացնել, սակայն դա այդպես էլ  չի հաջողվել:

Գրեթե ամբողջ Եվրոպան  տեսել է Կազանջյանի  գործերը, բայց հայրենիքում, ըստ նրա, ամեն ինչ այլ է:

Մեր զրուցակցին խնդրեցինք զուգահեռներ անցկացնել ֆրանսիական ևհայկական ժամանակակից նկարչության միջեւ: Պատասխանն անսպասելի  էր` Հայաստանն առաջընթաց է ապրել:

«Ֆրանսիայում նախկինում նկարչությունը բարձր տեղում էր: Սակայն այժմ այդպես չէ այլեւս:

Հայաստանում շատ ավելի  ակտիվ է ամեն ինչ: Մեր մեջ ցանկություն կա արվեստում ավելին անել` հաջողվելու համար: Հույս կա, որ ներկայիս երիտասարդությունը կարող է փոխել ամեն ինչ: Բացի այդ՝ հայ երիտասարդները պատրաստ են ընկալել նոր գույներն ու նոր ձեւերը:

Իսկ հարցին, թե անձամբ արվեստում հաղթած ևհաջողված զգո՞ւմ է իրեն, հայտնի նկարիչը պատասխանեց. «Արվեստն անհուն, անսահման է, տարածքը՝չափից ավելին: Ես, թերեւս, մասնիկ մը հասկցա: Միայն քննադատը կարող է գնահատել»:

Չէինք կարող չխոսել հանրահայտ  նկարչի` հայկական թեմաներով արված գործերի մասին, քանի որ հայկական հարցն իր խորը արտացոլումն է գտել նկարչի ստեղծագործական ուղու մեջ: Նրա կտավներում պատկերված են Սումգայիթի ջարդերը, հայ գաղթականը, Արշիլ Գորկու «աստվածային պատկերը»,  և դրանցում տեսնում ես  հեղինակի հարցը` մինչևե՞րբ պետք է շարունակեք, ե՞րբ եք ձեր ձեռքերից լվանալու արյունը:

«Մեր միտքը պետք է արթուն մնա, պետք է չմոռացվի ճշմարտությունը, որ ապագայի սերունդները տեսնեն այն, ինչ կատարվել է: Մեր հիշողությունը նույնպես պետք է արթուն պահենք, ստեղծագործությունը հիշողության պետք ունի»,-եզրափակում է իր խոսքը նկարիչը:

Աննա Թումասյան

 




Լրահոս