Ազգային ժողովում 2013-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի նախարարը Ֆիզկուլտուրնիկների 6 հասցեում գտնվող վթարային շենքերի մասին:
«Ես շաբաթ օրը իմ գործընկեր Վահան Բաբայանի հետ գտնվում էի Սիսիանում: Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ բավական թվով մեր հայրենակիցներ բարձրացրին ֆիզկուլտուրնիկների 6 հասցեում գտնվող երկու վթարային՝ չորրորդ կարգի վթարային շենքերի հարցը, որը տարիներ շարունակ ձգձվում է: Ես ուղղակի կուզենայի իմանալ Ձեր կարծիքը, քանի որ դուք նոր եք նշանակվել»,- նշեց նա:
Նախարարն ի պատասխան՝ նշեց. «Ես ընդհանուր ուղղակի կարող եմ ասել, որ հաշվառված են 26 չորրորդ կարգի վթարային շենքեր, դրանք վերակառուցման, ուժեղացման ենթակա չեն: Դրանք պետք է քանդվեն և վերաբնակեցվեն, ինձ կոնկրետ այս հասցեն առայժմ ծանոթ չի, բայց մենք հիմա փորձում ենք մասնագիտական տարբեր կառույցների, հասարակական կառույցների միջոցով փորձել ավելի նորովի վերաբերվել չորրորդ կարգի վթարայիններին և փորձենք այնպիսի լուծումներ գտնել, որ անընդհատ չասենք, որ բյուջեում գումար չկա կամ փորձենք ալտերնատիվ տարբերակներ գտնել»,- ընդգծեց նախարարը: