Ղազախստանի պաշտոնյան ավելի տեղեկացված է Հայաստանի գործերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի այս տարվա հոկտեմբերին:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այս մասին Թվիթերի իր կայքէջում հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը:

«Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացաքում», – գրել է Իդրիսովը:

Պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն շատ մշուշոտ և մոտավոր են պատկերացնում այս բախտորոշ իրադարձության հետ կապված մանրամասները, այլև անգամ տեղեկություն չունեն դրանց ժամկետների մասին: Մինչդեռ միության ապագա գործընկերներն այս հարցերում ավելի քան քաջատեղյակ են:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունից հետո, թե Հայաստանը շատ շուտով դառնալու է ԵՏՄ լիիրավ անդամ, այսօր ավելի պարզորոշ է արտահայտվել Ղազախստանի արտգործնախարարը:

Մինչդեռ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից մեզ հասած վերջին տեղեկություններով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համաձայնագիր պետք է ստորագրեր հուլիսի 1-ին: Իսկ հանրապետության երկրորդ դեմքը հանդիսացող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ավելի անորոշ է արտահայտվել այս հարցի շորջ՝ասելով. «Ուշ լինի, նուշ լինի»:




Լրահոս