Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 28-ամյա բնակիչ Աշոտ Խաչատրյանը քրոջ նախկին ամուսնուն` Նվեր Աբելյանին դիտավորյալ վրաերթի ենթարկելու ու սպանելու համար հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ինչպես տեղեկանում է Armlur.am-ը, սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրությունից դրդված:
Այսպես, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում քննվող գործի մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Աշոտ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով անհաշտ, լարված և թշնամական հարաբերությունների մեջ իր քրոջ՝ Կարինե Խաչատրյանի նախկին ամուսնու՝ Նվեր Աբելյանի հետ, 2013 թվականի հուլիսի 30-ին` ժամը 11.40-ի սահմաններում, վերջինիս պատահաբար հանդիպելով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 27 շենքին հարակից ճանապարհին, որոշում է սպանել նրան:
Սպանելու պատճառը, ինչպես ներկայացվում է մեղադրական եզրակացությունում, Աբելյանի կողմից իր ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ տալն ու իր վրա թքելու համար վրեժխնդիր լինելն էր:
Մոտ մեկ տարի առաջ իր անձնական օգտագործման «Մերսեդես Բենց» մակնիշի 30ՕT001 պետհամարանիշի ավտոմեքենայով հետևելով և տեսնելով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Նվեր Աբելյանին` կայանած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 30 ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասում, մեծ արագությամբ, ավտոմեքենայի առջևի մասով հարվածում է նրան, մեքենայի ընթացքի հետ տանում առաջ, բախվում կայանած «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ԼՏ 394 պետհամարանիշի ավտոմեքենայի հետնամասին, 2 ավտոմեքենաների արանքում ճզմում վերջինիս: Այս ամենի արդյունքում Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Է «Հրազդանի Բժշկական Կենտրոն», իսկ հետո Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ նույն օրը ժամը 23.35-ին գիտակցության չգալով՝ մահանում է:
Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով` սպանություն, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա շահերը պաշտպանում է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Քրգործը մակագրվել է Աբովյանի դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին: