Վալերի Օսիպյանի դեմ հարուցված քրեական գործն ուզում են «ջրել»․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը «ջրել»: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին եւ Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադեւոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: Նրան ստիպում են «ջրել» գործը:

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարությունը տեղի էր ունեցել հունիսի 1-ին, որից հետո Սմբուլ Հովհաննիսյանի՝ Վալերի Օսիպյանի եղբորորդի Սեդրակ Օսիպյանի ընկերոջ մոր պնդմամբ, Վալերի Օսիպյանը իրեն գործարք է առաջարկել` խնդրելով, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը իր վրա վերցնի իր տղան: Մոր այդ հայտարարության հիման վրա էլ Օսիպյանի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել:

«Ես հասկացա, որ ուզում են գործը ջրել: Իրենց խոսակցություններից, ամեն ինչից ես այդպիսի տպավորություն եմ ստացել: Իրենք դա են հասկացնում»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց տիկին Սմբուլը:

Տիկին Սմբուլը պնդում է, որ գիտի, թե որտեղ է Օսիպյանի եղբորորդին: Նրա խոսքով՝ Սեդրակ Օսիպյանը Ղարաբաղում է:

Տիկին Սմբուլին վրդովեցնում է այն փաստը, որ փորձ է արվում Սեդրակ Օսիպյանին հրեշտակի դեմքով ներկայացնել: Նրա խոսքով՝ միայն ինքը գիտի դանակահարության 3 դեպք, որում ներգրավված է Սեդրակը: «Մենակ 3 հոգու ես գիտեմ, որ Սեթոն դանակել է: Այս դեպքը երրորդ դեպքն էր: Նախկինում մի զոհված ազատամարտիկի երեխու ականջ էր կտրել։

Մի օր թող իր պատիժը ստանա: Մի անգամ եթե իր արածի համար պատժվեր, այս շարքը չէր շարունակվի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս