«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի դեսպանի խոսքերի հասցեատերը Հայաստանը չէ, այլ Ռուսաստանը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի` վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարություններին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին հայ-իրանական էներգետիկ համագործակցության եւ Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու հնարավորություններին` իրանական գազը դեպի արեւմտյան երկրներ արտահանելու համար:
Ս. Դանիելյանի խոսքով` Հայաստանը շատ փոքր երկիր է` նման աշխարհաքաղաքական ծրագրեր նախաձեռնելու համար, հետեւաբար, Իրանն այդ հարցերը ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ: Ըստ նրա` Իրանը կարող է գազը դեպի Եվրոպա տարանցել նաեւ Թուրքիայի տարածքով, սակայն, քանի որ ցանկանում է որոշակիորեն հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում, ավելի շատ շահագրգռված է, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր:
Միաժամանակ Ս. Դանիելյանն անդրադարձավ իրանական փորձագիտական շրջանակներում քննարկվող այն տեսակետին, որ Ռուսաստանը կարող է մասնակցել իրանական եւ թուրքմենական գազը դեպի Հնդկաստան եւ հարակից երկրներ տարանցելու ծրագրին:
Նրա կարծիքով` այդ պարագայում Հայաստանը կրկին հնարավորություն ունի դառնալու տարանցիկ երկիր` ռուսական գազը տեղափոխելու դեպի արեւելյան երկրներ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: