Ռազմական ոստիկանության աշխատակիցը չի հիշում` կրակել է ռեկտորի եղբոր վրա, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  Armlur.am-ը, հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Շիրակի մարզի Գետք համայնքում սպանվել է Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայրը` Հարություն Գրիգորյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ Հարություն Գրիգորյանի դիակը հայտնաբերվել է գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 հոդվածների 1-ին մասի մասի (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով:

Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կատունյանը և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:

Ատրճանակն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Արման Կատունյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Կատունյանի պաշտպանը` Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էր, որ վարկածը, թե Գրիգորյանի սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանը վստահեցրել էր, որ իրականում Գրիգորյանը տևական ժամանակ սիրահետել էր Կատունյանի կնոջը, ինչի հետևանքով վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, իսկ Գրիգորյանը սպանվել էր:




Լրահոս