ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

47 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՅՑ

Չնայած ՀՀ նախկին եւ ներկա վարչապետերի հարաբերությունները նախկինում մշտապես լարված են եղել, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո շարունակում է իր նախորդի` Տիգրան Սարգսյանի ավանդույթները: Նախկին վարչապետն էլ ավանդույթի համաձայն՝ արտասահմանյան գործուղումների էր մեկնում միմիայն չարտերային չվերթերի միջոցով` այդ նպատակով ծախսելով հսկայական գումարներ: Հուլիսի 10-ին Հ. Աբրահամյանը երկօրյա այցով մեկնել էր Սոչի` հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պարզվում է՝ 2 ժամ տեւողությամբ այդ չվերթն իրականացվել է «Էյր Արմենիա» ընկերության Airbus320 ինքնաթիռով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով Աբրահամյանը պետբյուջեից ծախսել է 19 մլն 200 հազար դրամ կամ 47 հազար ԱՄՆ դոլար: Խոստովանենք, Հայաստանի նման աղքատ երկրի համար այդ շարունակական ծախսերը մեծ բեռ են:
Ի դեպ, այս լուսանկարն արվել է Սոչի այցի ժամանակ: Վարչապետը երանավետ ժպիտով նստել էր այս համեստ մեքենայի մեջ՝ ըմբոշխնելով պահը, թե ինչպես է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն իր համար վարորդ աշխատում: Ո՞վ գիտե, միգուցե հանուն այս հաճույքի արժե՞ր հարկատուներիս գրպանից 19.2 մլն դրամ ծախսել:

 

 

 

ԱԺ-ՈՒՄ
«ՍՈՎԱԾ ԵՆ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Ազգային ժողովի ճաշարանը չի գործում: Պատգամավորների օգնականները, խորհրդարանում աշխատող փորձագետներն ու ընդհանրապես ԱԺ աշխատակազմի աշխատակիցները ստիպված են լինում ընդմիջման ժամանակ դուրս գալ ԱԺ շենքից: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչու է փակվել ԱԺ ճաշարանը եւ երբվանից է գործելու: «Ազգային ժողովում հանրային սննդի ծառայություններ կազմակերպելու եւ մատուցելու նպատակով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ -ի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է եւ վերոնշյալ ՍՊԸ-ն պայմանագրի ժամկետը երկարաձգելու ցանկություն չի հայտնել»,- մեզ հետ զրույցում նշեց Գ. Պողոսյանը: Փաստորեն, դեռեւս պարզ չէ, թե մինչեւ երբ է ԱԺ-ում այդ իրավիճակը շարունակվելու: Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանին էլ ընդհանրապես նման հարցերը չեն հետաքրքրում: Նա զբաղված է կրճատումներով ու լրագրողների «քասթինգով»:




Լրահոս