ԱՂԵՏԻ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Համահայկական բնապահպանական ճակատը դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին` ահազանգելով Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգի վտանգման մասին: Նշվում է, որ գետի վրա արդեն իսկ գործում են 12 ՓՀԷԿ, եւս 8-ն էլ նախատեսվում է կառուցել եւ շահագործել: «Օրեր առաջ Եղեգիսի վրա շահագործվող՝ թվով 8 ՓՀԷԿ-երի տարածքների տեղազննման արդյունքում համոզվեցինք, թե ինչ ցավալի վիճակում է հայտնվել գետը: Խնդրում ենք ձեզ կոնկրետ միջոցներ ձեռնարկել Եղեգիս գետի վրա, ծովի մակարդակից 1615 մետր բարձրության վրա ջրառ կատարող ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քանի որ ջրընդունիչ կայանում բնապահպանական թողքն ընդհանրապես բացակայում էր, իսկ ձկնուղին ամբողջովին չոր էր»,- ասված է դիմումում:
ԼԵԳԵՆԴԸ ԿԶԲԱՂՎԻ
ՀՀ արդարադատության նախարար, Վրաստանում նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ հուլիսի 19-ին հայերի եւ վրացիների միջեւ ծագած կենցաղային խոշոր վեճը` երեկ ասել է. «Անկախ միջադեպի պատճառներից, պետք է նշել, որ մենք կրոնական եւ ազգային հանդուրժողականության հետ կապված խնդիրներ ունենք: Այս կապակցությամբ արդեն հայտարարությամբ հանդես են եկել Վիրահայոց թեմը եւ Համայն Վրաստանի պատրիարքը: Վրաստանը մեր ռազմավարական երթուղին է դեպի արտաքին աշխարհ եւ կարեւոր արտաքին քաղաքական գործընկեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարեկամ ժողովրդի հետ հարաբերություններն ամրանան եւ խորանան», – ընդգծել է Մանուկյանը:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ղարաբաղի հետ կապված հերթական գրառումն է արել Twitter-ի իր էջում` ընդգծելով հակամարտության կարգավորման հրատապ անհրաժեշտությունը: «Ես հիշեցրել եմ ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ չնայած գլոբալ խնդիրներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթ լինի»,- նշել է դիվանագետը:
ՏԵՂՆ Է ԴՐԵԼ
«168 ժամ»-ի տեղեկություններով` հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «լավ տեղն է դրել» Ադրբեջանի արտգործնախարարին, երբ վերջինս ասել է, թե իբր Հայաստանը խախտում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունները։ Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Մամեդյարովին խորհուրդ է տվել խոսել հավաքի թեմաների շուրջ եւ չօգտագործել միջազգային հարթակները դատարկ քարոզչության համար:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՃՆՇՈՒՄ
Երեկ կեսօրին ՀՀ Կառավարության շենքի առջեւ բողոքի է դուրս եկել «Վերնիսաժ»-ի կրակոցների գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը: Նա հայտարարել է, որ իր տղային ստիպում են սուտ ցուցմունքներ տալ դատարանում եւ հիմնական ճնշում գործադրողը ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Կարո Կարապետյանն է: Այս կապակցությամբ Armlur.am-ը Կարո Կարապետյանից փորձել է ճշտել, թե ինչու է սպառնում իր փեսայի՝ կրակոցների գործով մեղադրյալի ընտանիքին: «Սուտ ա խոսում էդ կինը: Ես ճնշման փորձ անգամ չեմ արել ու ինձ պետք էլ չի»,-հավաստիացրել է Կարապետյանը` հավելելով. «Ինքը շատ լավ գիտի, որ իրա տղան հանցագործ է: Նա նախկինում էլ ավազակային հարձակման մեղադրանքով դատապարտված է եղել: Պետք չի մարդկանց վրա շառ անել»: