Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնական հայտարարություն է տարածել Ադրբեջանում հայ գերու մահվան կապակցությամբ:
«Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ:
ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռեւս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը չի հանդիսանում ՀՀ ԶՈՒ զինծառայող:
Կ.Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաեւ նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել եւս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել եւ եղել է փաստացի առողջ:
Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, ենթարկել է Կ. Պետրոսյանին նվաստացումների, տանջանքների եւ կտտանքների` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցը ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:
Հաշվի առնելով վերոնշյալը` չպարզված հանգամանքներում Կ.Պետոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարում է: Ուստի ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջում է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար:
ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին կոչ է անում դրսեւորել հետեւողականություն` գործի անաչառ եւ լիարժեք քննություն իրականացնելու համար»,- նշված է հանձնաժողովի հայտարարությունում: