ԳՈՐԾԱՐՔԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս խորհրդարանական ընտրություններում  շարքային ընտրողի համար առավել քան երբեւէ, բարդ է լինելու ճիշտ ընտրություն կատարելը. գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում հասկանալ` ի վերջո, որ  կուսակցություններն են ընդդիմադիր, եւ որոնք` հարյուր տոկոսով իշխանամետ:
Եթե 2007թ. հոկտեմբերի 26-ից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր` քաղաքականություն վերադառնալու մասին, երկրում առավել քան երբեւէ  հստակեցվեց իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը, ապա  ներկայիս քաղաքական ներկապնակում գույները տեղ-տեղ այն աստիճան են իրար խառնվել ու լղոզվել, որ անգամ այդ քաղաքական ուժերի շարքային անդամները չեն հասկանում, թե ի վերջո, իրենք ում խաղն են խաղում: Ընդ որում, այս դեպքում եւս Տեր-Պետրոսյանի գործոնն առանցքային է: 4 տարի շարունակ ավազակապետությունը քանդելու կոչերով հանդես եկած ՀԱԿ առաջնորդը մի կողմից հայտարարում է, որ Կոնգրեսն «ամեն ինչ անում է այս գող, սրիկա, մարդասպան իշխանություններից ազատվելու համար», սակայն մյուս կողմից, նույն օրն իսկ ասում է, որ պատրաստ է համագործակցել այդ «սրիկա» իշխանության մասը կազմող «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Իր հերթին  կոալիցիոն իշխանության դե ֆակտո եւ դե յուրե երկրորդ ուժի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանը, թեեւ հայտարարում է, թե  «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցության մասին ոչ մի խոսք չկա», սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է, որ իրենք էլ են նույնն ուզում, ինչ Տեր-Պետրոսյանը` արդար ընտրություններ:  Իսկ  դիտարկմանը, թե Տեր-Պետրոսյանը նաեւ պահանջում է «դեմ դուրս գալ  ռեժիմին», արձագանքում է` «Տեր-Պետրոսյանը նման բան չի  առաջարկում»: Սա, կարծում ենք, ավելորդ մեկնաբանությունների կարիք չի զգում: Ի դեպ, թե՛ Ծառուկյանը, թե՛ Տեր-Պետրոսյանը հայտարարում են, որ կոալիցիան ժամանակավոր բնույթ ունի` այդպիսով խիստ որոշակի ակնարկ անելով: Ձեռքի հետ էլ, ԲՀԿ-ականները հասկացնում են, որ ընդդիմադիր ուժ համարվող «Ժառանգություն» կուսակցությունն ամենեւին էլ ընդդիմադիր չէ եւ «ուղղորդվում է» ՀՀԿ առաջնորդի կողմից: «Ժառանգություն»-ն էլ իր հերթին «տակ չի մնում»` արդեն իսկ հայտարարելով, որ ԲՀԿ-ն առաջիկա ԱԺ-ում կոալիցիա է կազմելու ՀԱԿ-ի հետ, եւ որ Ծառուկյանը Կոնգրեսին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այն իր մշտական կիսահղի վիճակում է, ուստի քննարկելը, թե  այդ ուժը ընդդիմադիր է, թե իշխանամետ, պարզապես անշնորհակալ գործ է: Եվ եթե հաշվի չառնենք գրեթե ազդեցություն չունեցող Կոմկուսին, Դեմկուսին եւ «Միավորված հայեր»-ին,  ապա դատելով հենց իրենց` քաղաքական ուժերի` միմյանց հասցեին հնչեցրած գնահատականներից, ստացվում է,  որ այսօր քաղաքացին ունի հետեւյալ ընտրության հնարավորությունը` 1. իշխանություն` ի դեմս ՀՀԿ-ի եւ արբանյակ ՕԵԿ-ի, 2. այդ իշխանության հետ գործարքի մեջ մտած քաղաքական ուժեր, 3. այդ իշխանության հետ  գործարքի պայմանների շուրջ դեռեւս սակարկող քաղաքական ուժեր:




Լրահոս