«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՍ ՉԿԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, WBՕ վարկածով Եվրոպայի գործող չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ամեն անգամ մենամարտից հետո, որպես կանոն, գալիս է Հայաստան: Ինչպես բռնցքամարտիկը նշեց, իր  այցն ամենեւին էլ կապված չէ հայաստանյան ներքաղաքական իրադարձությունների, մասնավորապես ընտրարշավի հետ:
-Հաճելի է, որ գրեթե ամեն մենամարտից հետո կարողանում եմ գալ Հայաստան` ոգեշնչվելու: Չդիտեք սա որպես քաղաքական ինչ-որ քայլ: Ուղղակի ես կարոտում եմ իմ հայրենիքը ու սիրում եմ այստեղ անցկացնել իմ մի քանի ազատ օրերը: Իմ հանգիստն անցկացնում եմ տատիկիս կողքին, եղբայրներիս, քույրերիս, լավ ընկերներիս ու հարազատներիս հետ…
-Չնայած նշեցիք, որ Ձեր այցելությունը քաղաքական կոնտեքստ չունի, այնուամենայնիվ, պետք է հարցնեմ. հետեւո՞ւմ եք հայաստանյան քաղաքական իրադարձություններին:
-Քաղաքականության մեջ ես չկամ, չեմ էլ ուզում խառնվել: Ինձ համար կարեւոր է, որ իմ պետությունը լավ լինի, իմ պետության ժողովուրդն իրեն լավ զգա ու առաջ գնա:
-Որեւէ քաղաքական ուժի չե՞ք հարում:
-Ես բոլորին էլ հարգում եմ, ինձ համար կարեւոր չէ` ով կընտրվի, կարեւորը ժողովրդի համար լավ լինի:
-Չունե՞ք նախընտրելի կուսակցություն:
-Ո՛չ, ո՛չ, ես սպորտսմեն մարդ եմ, բոլորին էլ հարգում, սիրում եմ: Ժողովրդի տղա ենք, իրավունք չունենք այդ տեսակ բաների մեջ մտնել:
-Երբ դրսի հայացքով եք նայում Հայաստանին, կա՞ն բաներ, որ Ձեզ նյարդայնացնում են:
-Այո՛, կեղտոտությունը: Լավ կլիներ, որ փողոցները կեղտոտողներին ամենաքիչը մի 5000 դրամով տուգանեին, դրանից հետո էլ փողոցը չէին կեղտոտի: Եթե Հայաստանի օրենքները գործեին, Գերմանիայի պես պետություն կլիներ:
-Ե՞րբ կկայանա Ձեր հաջորդ մենամարտը:
-Օգոստոսի 25-ին Գերմանիայում:
-Ի՞նչ եք կարծում, ո՞վ կլինի Ձեր հավանական մրցակիցը:
-Կա՛մ Ռոբերտ Շտիգլիցը, կա՛մ Ջորջ Գրովսը: Նախ նրանք կմենամարտեն միմյանց հետ, հետո արդեն ես` հաղթողի հետ: Ինձ թվում է` Ռոբերտ Շտիգլիցը կհաղթի:
-Եթե չեմ սխալվում, այդ նույն Շտիգլիցն է ասել, որ տակտիկական սխալներ եք թույլ տվել մենամարտի ժամանակ:
-Գիտեք ինչ, նա երեւի կլինի իմ հաջորդ հակառակորդը, ու ես նրա այդ ասածին ուրիշ կերպ կպատասխանեմ, կապացուցեմ, որ ինքը սխալ է ասել: Բռնցքամարտում անակնկալները սկսում են, հենց զանգը տալիս է: Հանկարծ մի ակնթարթ անզգույշ եղար, հակառակորդը  հարված կհասցնի ու նոկաուտի կենթարկի, նույնն էլ դու:
-Տարիներ հետո, երբ այլեւս չզբաղվեք բռնցքամարտով, ի՞նչ գործունեություն կծավալեք:
-Ուզում եմ Ներքին Չարբախում մշակութային կենտրոն բացել երեխաների համար: Սակայն դա կլինի մի քանի տարի հետո, քանի որ «Ներքին Չարբախ» հատուկ հիմնադրամ ենք բացել Գերմանիայի հետ, մնում է գումարները ձեռք բերենք ու դա իրականացնենք: Բայց հիմա  ուզում եմ իմ ուղեղը տրամադրել բոքսին, կողմնակի ոչ մի բանով չզբաղվեմ:
-Արդեն սկսե՞լ եք Ձեր մարզումներն ամռանը կայանալիք մարտի համար:
-Դեռ ոչ, որովհետեւ մենամարտից հետո գնացել էի հանգստանալու, հիմա էլ եկել եմ մի քիչ Հայաստանում հանգստանալու: Ապրիլի 21-ին կմեկնեմ Գերմանիա, այդ օրը պետք է անպայման «Թաքնված տեսախցիկ» հաղորդման հյուրը լինեմ, «Միսս Գերմանիա»-ի գլխին ենք սարքել: Իսկ 26-ին մարզիչիս 70-ամյակն է, 550 հոգի մարդ է լինելու: Դրանից հետո արդեն կսկսենք պարապել:
-Քանի՞ ժամ եք մարզվում օրվա ընթացքում:
-Առավոտյան 10-12-ը եւ ցերեկը 4-6-ը, ստացվեց 4 ժամ:
-Մի հետաքրքիր տեղեկություն իմացա. ամեն անգամ մենամարտում եք նոր ձեռնոցներով: Ի՞նչ եք անում հաղթանակած ձեռնոցների հետ:
-Կա արյան քաղցկեղով հիվանդ երեխաների հիմնադրամ, որին ես նվիրում եմ իմ ձեռնոցները, նրանք էլ դնում են աճուրդի ու գումարը տալիս այդ հիվանդանոցին:
-Ի՞նչ ապրումներ եք ունենում պարտությունից հետո, ինչպե՞ս եք դուրս գալիս այդ հոգեվիճակից:
-Անկեղծ ասած, ոչ մի բան էլ չի օգնում, մարդու սրտի վրա մի վերք է մնում: Լավ դեպքերը, հաղթանակները շուտ են անցնում, բայց որ հանկարծ մի պարտություն ես կրում, վրադ ծանր է նստում: Աշխատում ես չմտածել դրա մասին, պետք է քեզ տրամադրես, ուղեղիդ հետ խոսես ու անցնես առաջ: Ես գնում եմ միշտ հաղթելու, պարտության մասին չեմ մտածում:
-Անցած տարի` սեպտեմբերին, Հայաստանում արդեն տեսանք պրոֆեսիոնալ բռնցքամարտ, ցանկություն չունե՞ք Դուք էլ կազմակերպել:
-Ունեմ, բայց շատ դժվար ու ծանր աշխատանք է: Չնայած երազանք ունեմ Հայաստանում մենամարտ անցկացնելու, նույնիսկ հպարտ կլինեմ:  
-Արթո՛ւր ջան, լրագրողներն արդեն հոգնել են նույն հարցը տալուց: Ե՞րբ եք վերջապես ամուսնանալու: Անձնական կյանքում ի՞նչ նորություններ կան:
-Նորություններ կան, կա անակնկալ, շուտով կասեմ:
-Մի անգամ էլ այդպես ասացիք, բայց հարսանիք այդպես էլ չեղավ:
-Կօրինականացնենք, կասենք: Ինչպես ասում են` «Առուն թռնենք, նոր ասենք` հոպ»:
-Անակնկալը Հայաստանի՞ց է, թե՞ դրսից:
-Հայաստանից է` առանց մտածելու: Եթե դրսից լիներ, վաղուց ամուսնացած կլինեի:
-Իսկ ճի՞շտ է, որ այդ աղջիկը հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է:
-Գոհարի հետ մենք շատ մտերիմ ընկերներ ենք:  

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս