Երևանի ավագանին չորրորդ գումարման առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածի շատրվաններին հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին:
Կարծիքների փոխանակումից և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ավագանին, դարձյալ միաձայն կողմ քվեարկությամբ, համաձայնություն է տվել նաև Երևանը Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին որոշման նախագծին: Երևան քաղաքի ավագանու որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող, տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն` նշված տուրքը վճարելով Երևանի քաղաքային համայնքի բյուջեից:
Ըստ այդմ, ավագանին որոշել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1 մլն դրամ հատկացնել։ Հաշվի առնելով սահմանված կարգով տեղական տուրքի արտոնություն ստանալու համար քաղաքապետարան ներկայացրած դիմումների քանակը՝ հաշվարկը կատարվել է 100 անձանց հաշվով։
Ավագանու հավանությանն են արժանացել նաև 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին հավանություն տալու մասին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 29-ին: