ՍԵՓԱԿԱՆ ԱՆԵԼԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼԻՍ
Շաբաթ օրը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը կարելի է համարել իշխող կուսակցության անելանելի վիճակի հրապարակային խոստովանություն: ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո, երբ ՀՀԿ-ն մնաց միայնակ, այլեւս լուրջ խնդիր է ԱԺ-ում քվորում ապահովելը:
Շատերը կհիշեն, թե ինչպես ԱԺ նախորդ նստաշրջանում, երբ 5 խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունները, ՀՀԿ-ն պարբերաբար հայտնվում էր անելանելի դրության մեջ. դահլիճում չունենալով 66 հոգի, քվեարկությունները տապալվում էին: Դատելով Սերժ Սարգսյանի խոսքերից, իրավիճակն իշխանություններին այնքան է անհանգստացրել, որ նա իրավիճակը նույնիսկ խրամատի հետ է համեմատում: Ասել է թե՝ ըստ իշխանությունների, ԱԺ նիստում իշխանություն-ընդդիմություն պայքարը, հատկապես՝ օրենսդրական նախագծերի քվեարկությունն իսկական պատերազմ է: Նկատենք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ իշխող քաղաքական ուժը խորհրդարանում մնացել է միայնակ, ընդ որում՝ կարեւորագույն օրենքների անցկացման ժամանակ հանդիպելով քվորումի լրջագույն խնդիրների:
«Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին եւ շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում նաեւ անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարեւորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը»,- հայտարարել էր նա: Նկատենք, որ առաջին անգամ է, երբ Սերժ Սարգսյանը նման պահանջ է ներկայացնում ՀՀԿ-ականներին: Միայն թե, երեկվա նիստի հենց սկզբից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի խոսքերը ՀՀԿ-ականների համար այնքան էլ նշանակություն չունեն. ու երեկ կրկին նույն պատկերն էր. ԱԺ նիստին գրանցվելուց եւ օրակարգը հաստատելուց հետո, երբ վերջացավ «կոճակ սեղմելու» կարեւորագույն առաքելությունը, ՀՀԿ-ականները լքեցին դահլիճը: Ընդ որում, լքողները նույնն էին՝ Նահապետ Գեւորգյան, Մհեր Սեդրակյան, Առաքել Մովսիսյան, պաշտոնաթող գեներալները եւ այլք: Իսկ երբ լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ՝ «լքում եք Սերժ Սարգսյանի ասած խրամատը», արժանացան կիսավիրավորական արտահայտությունների. «Յան տվեք»՝ փայլատակեց Առաքել Մովսիսյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչու ՀՀԿ-ականները չեն նստում դահլիճում: «Նա չէր ասում, թե հինգ րոպեով չենք կարող դահլիճից դուրս գալ: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վերաբերում էր քվեարկություններին»,- ասաց Մարտիրոսյանը: Իսկ թե ինչու խմբակցության մյուս անդամները չեն նստում նիստերին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Իրենց հարցրեք: Ես պարտաճանաչորեն նստում եմ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ փորձում էր համոզել, թե Սերժ Սարգսյանի խոսքերն ամենեւին էլ անհանգստության արտահայտություն չէին: «Դա աշխատանքային պրոցես է, երբեմն էլ խնդիրներ կլինեն: Իսկ մենք երբեւէ ասե՞լ ենք, որ ամեն ինչ կատարյալ է: Ոչ: Այն քաղաքական ուժը, որը կասի, թե ամեն ինչ կատարյալ է, նա դատապարտված է կործանման: Դրա համար էլ մենք ունենք բազմաթիվ թերություններ, եւ մեր խորհրդի նիստերը նրա համար են, որ վեր հանենք թերությունները»,-ասաց նա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՀԿ-Ի ԳԵՐԽՆԴԻՐԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ քառօրյայի մեկնարկից առաջ իշխող Հանրապետական կուսակցությունը կրկին տագնապի մեջ է հայտնվել, քանի որ քվորում ապահովելը իշխող մեծամասնության մոտ միշտ շարունակում է խնդիր մնալ: Ու դա է պատճառը, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ոտք ու ձեռք ընկած նույնիսկ ոչ ՀՀԿ-ական պատգամավորներին է խնդրում ԱԺ նիստերին ու քվեարկություններին ներկա գտնվել:
Քանի որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր չեն ենթարկվում խմբակցության ղեկավարին, վերջինս իր հույսը դրել է անգամ ԱԺ անկախ պատգամավորների վրա: Արայիկ Գրիգորյանը եւ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը «լքած» Կարեն Բոթոյանը լսում են ՀՀԿ խմբակցության ղեկավարի հորդորները՝ նիստերից չբացակայելու մասով: Վերջիններիս անգամ ՀՀԿ-ականները հրավիրել էին մասնակցելու շաբաթ օրվա ՀՀԿ խորհրդի նիստին:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ՀՀ դատախազությունը լուրջ ստուգումներ է իրականացնում: Մեզ հասած տեղեկություններով՝ երեկ թեեւ հիվանդանոցում այցելությունների օր է եղել, սակայն դատապարտյալների հարազատներին թույլ չեն տվել մուտք գործել շենք՝ տեսակցության՝ պատճառաբանելով, որ ստուգումներ են:
ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՆ
Անտուն մնացած կոնդեցիները մտադիր են այսօր վաղ առավոտյան հանդիպել Սերժ Սարգսյանին: Նրանցից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս հարցում վճռական են տրամադրված եւ կոնկրետ պատասխան են պահանջելու Սերժ Սարգսյանից: Հիշեցնենք, որ յոթ տարի առաջ Կոնդում գտնվող նրանց տները քանդել են` խոստանալով փոխարենը բնակարաններ հատկացնել «Դվին» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում: Այդ շենքը, սակայն, մինչ օրս կառուցված չէ: Անելանելի վիճակում հայտնված կոնդեցիները չգիտեն, թե ումից պահանջեն իրենց բնակարանները: Եվ 7 տարի է, ինչ Կոնդի 200 ընտանիք այսօր վարձով է ապրում: Նրանց համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքներն էլ դադարեցված են: Ի դեպ, այս հանդիպումը թվով 14-րդն է լինելու, որը տեղի է ունենալու Սարգսյանի եւ կոնդեցիների միջեւ: Սակայն հարցը շարունակում է օդից կախված մնալ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի նախկին վարչության պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար:
ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ
Ռուսաստանի կառավարությունը չի բացառում, որ Արեւմուտքի կողմից նոր պատժամիջոցների կիրառման դեպքում Մոսկվան կարգելի որոշ թռիչքներ ՌԴ տարածքի վրայով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Կլինե՞ն արդյոք նոր պատժամիջոցներ. պետք է իրենցից հարցնել, սակայն եթե կիրառվեն պատժամիջոցներ՝ կապված էներգետիկ ոլորտի եւ ֆինանսական սեկտորի հետ, ապա մենք ստիպված կլինենք ասիմետրիկ պատասխան տալ»,-ասել է Մեդվեդեւը:
ՆԱՏՕ-Ն ՎՆԱՍՈՒՄ Է
«ՆԱՏՕ-ի վերջին՝ Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձեւակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին եւ մոտեցումներին, չի համապատասխանում նաեւ այն բազմաթիվ հայտարարություններին եւ որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում՝ ԵԱՀԿ շրջանակներում: Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաեւ տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը»,-երեկ ՀՀ եւ Ավստրիայի արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՌՈՒՍԻ «ՊՈՍԼԵԶԱՎՏՐԱ»-Ն
«Բանակցություններն ընթանում են բնական հունով, կարծում եմ, շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն»,-անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝ երեկ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ՉՄԻԱՑԱՆ
ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եկ «Ժառանգություն»-ը երեկ հայտարարել են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին: Այսպիսով` Քառյակն այս անգամ հանդես եկավ որպես եռյակ:
ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼԻՆԻ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորումը բաց նամակով դիմել է Հայաստանում գնվող միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, պետությունների դեսպաններին՝ որտեղ կոչ է անում փրկել իրենց ցեղասպանությունից, հակառակ պարագայում այդ երկրները, հնարավոր է՝ ստիպված լինեն արդեն իրենց տարածքում պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
ԱԲՍՈՒՐԴ Է
«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ, 15-ամյա Շահեն Հարությունյանի համար 5 տարի ազատազրկման դատախազի պահանջը դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի կատարի: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր, սարքեցին սադրանք, ներկայացրեցին անձանց որպես խուլիգաններ, եւ այսօր էլ տեսեք, թե ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացրեցին: Ազատազրկման դատապարտել անչափահաս երեխային, որն ընդամենը 15 տարեկան է, դա աբսուրդ է»: