ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԷԼ ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՆՄԱՆ ԲԱՆԵՐԻ»

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «ժառանգության» հրավիրած համատեղ հանրահավաքին մասնակցելու հնարավորություն ունեն ինչպես քաղաքական դաշտի, այնպես էլ՝ մշակույթի գործիչները: Հիշեցնենք, որ վերջին տարիներին նմանօրինակ հանրահավաքներին մշակութային գործիչների` անգամ հարթակից մասնակցությունը դարձել էր ընդունված նորմ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է մշակույթի, հեռուստատեսության մի շարք ներկայացուցիչների հետ` տեղեկանալու՝ արդյո՞ք պատրաստվում են մասնակցել համապետական հանրահավաքին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեն: Որքան էլ տարօրինակ է, սակայն մեր զրուցակիցներից շատերը խուսափում էին այդ մասին որեւէ մեկնաբանություն անելուց: Իսկ ոմանք էլ ընդգծեցին, որ հիասթափված են եւ որեւէ ակնկալիք չունեն, քանզի ընդդիմադիր ուժերը վերջին շրջանում աչքի են ընկել ակտիվ հայտարարություններով, որոնք, սակայն, որեւէ իրական եւ շոշափելի գործողության չեն հանգեցրել:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս հանրահավաքի հետ կապված միանշանակ մոտեցում չունի:
-Պարո՛ն Մանարյան, Դուք մշտապես մասնակցել եք ընդդիմության հրավիրած հանրահավաքներին: Վաղը կայանալիք հանրահավաքին եւս մասնակցելու եք, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Կան ուժեր, որոնց ձեռք է տալիս ինչ-որ արդյունքներից խոսելը: Իշխանափոխությունը վատ բան չէ, սակայն, պետք է կազմակերպված հունով լինի: Այնպիսի տպավորություն է, որ որոշ ներկայացուցիչներ շագանակը կրակից դուրս են ուզում բերել ժողովրդի միջոցով: Ինքս էլ չգիտեմ՝ կգնամ, թե` ոչ: Տարիքով մարդ եմ, երեւի գնամ ու մի անկյունում նստեմ եւ հետեւեմ իրադարձությունների ընթացքին:

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով եւ սոցիալական ցանցերում սուր մեկնաբանություններով, մեզ ասաց, որ այս անգամ նույնիսկ ամբողջությամբ տեղեկացված էլ չէ, թե խոսքն ինչի մասին է:
-Լուսինե՛, երեք ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ փոփոխություններ, մինչեւ անգամ` իշխանափոխություն են խոստանում: Հոկտեմբերի 10-ին կայանալիք հավաքից հետո կարո՞ղ է նման բան լինել: Ինքներդ մասնակցություն ունենալո՞ւ եք այդ հանրահավաքին:
-Չէ՛, այս անգամ մասնակցություն չեմ ունենալու: Եթե անկեղծ ասեմ՝ առանձնապես լուրջ տեղեկացված էլ չեմ, թե խոսքն ինչ հավաքի մասին է: Միայն ընդհանուր բաներ գիտեմ: Կարող եմ միայն ասել, որ առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ, հանրահավաքներ, իշխանափոխություն անելու կոչեր են լինում: Ոչ էլ վերջին անգամն է լինելու: Ես այս անգամ առանձնապես ոգեւորություն չունեմ եւ, բնականաբար, լուրջ ակնկալիքներ էլ: Ընդդիմադիր ուժերի կողմից արված վերջին քայլերը հիասթափություն են առաջացրել, այնպես որ, հիմա էլ որեւէ ակնկալիք ու սպասում չունեմ:

Դերասան Լեւոն Հարությունյանը, ով մշտապես աչքի է ընկել քաղաքական դաշտի ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ իր օրիգինալ մեկնաբանություններով, մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ ակնկալիք չունի առաջիկա հանրահավաքից:
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 10-ի համապետական հավաքից:
-Ի՞նչ ակնկալիք պետք է ունենամ: Հերթական հավաքն է, որը ոչ մի արդյունք էլ չի տալու: Հոգնել ենք նմանօրինակ բաներից: Չեմ էլ ուզում նույնիսկ խոսել այդ մասին: Հերթական ձեւականությունն է: Ավելորդ եմ համարում նույնիսկ այդ մասին որեւէ մեկնաբանություն անել.ամեն ինչ պարզ է ու հասկանալի:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմա ցանկություն չունի որեւէ մեկնաբանություն անելու հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մասին:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել դանիացի գրող, հայասեր Ինգա Նալբանդյանի ծննդյան 135-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա է եղել նաեւ Ինգա Նալբանդյանի թոռը` Ֆրանս Նալբանդյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ով հայ ժողովրդի անունից իր երախտագիտությունն է հայտնել մեծ հայասեր Ինգա Նալբանդյանին` նրա կատարած անգնահատելի աշխատանքի համար: Ելույթ է ունեցել նաեւ գրողի թոռը` Ֆրանս Նալբանդյանը, ով մանրամասներ է ներկայացրել իր տատիկի կենսագրությունից:
Միջոցառմանը ներկայացվել է Ինգա Նալբանդյանի` դեռեւս 1917 թվականին «Քո եղբոր արյունն է կանչում» եռապատումի հայերեն թարգմանությունը: Աշխատանքը բաղկացած է երեք գրքերից` «Մեծ ցավը», «Ճակատագրով պատժվածները», «Սպիտակ դաշտը»: Դանիերենից թարգմանությունը կատարել է Հասմիկ Կուրղինյանը:
Միջոցառմանը տեղի է ունեցել նաեւ Ինգա Նալբանդյանի 135-ամյակի առթիվ հրատարակված փոստային բացիկի մարման արարողություն:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Արեւելյան գորգերի միջազգային գիտաժողովի՝ «ԱՅՍԻՕՍԻ» գորգի եւ գործվածքի Վիեննա-Բուդապեշտ տուր-շրջագայության շրջանակներում օրերս Վիեննայի հեղիանակավոր «Սան Սուսի» ցուցասրահում բացվել է «Հայկական գործվածքի եւ գորգի» մեկշաբաթյա ցուցահանդես, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունները, մասնավորապես՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը եւ Ստեփանակերտի պատմա-երկրագիտական թանգարանը՝ ներկայացնելով հայկական գորգեր եւ գործվածք:
Ընդհանուր առմամբ ցուցադրվել է հիսուն ցուցանմուշ՝ ասեղնագործություններ եւ եկեղեցական հանդերձանքի տարրեր, որոնք վերաբերում են 17-20-րդ դարերին եւ ներկայացնում են պատմական Հայաստանի գորգագործության եւ ասեղնագործության հիմնական կենտրոնները:
«ԱՅՍԻՕՍԻ» կազմակերպության գորգի տուր-շրջագայությանն իրենց մասնակցությունն են բերել շուրջ 200 անդամներ աշխարհի տարբեր երկրներից:

 

ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ԵՆ

Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ը, հոկտեմբերի 5-ին անմոռանալի է դարձրել սիրելիի` Սվետլանա Բոսնոյանի ծննդյան 24-րդ տարեդարձը` մատուցելով հետաքրքիր երաժշտական անակնկալներ: Արթուր Հակոբյանը եւ Սվետլանան պատրաստվում են օրինականացնել հարաբերությունները, սակայն առայժմ չեն ցանկանում իրենց հարաբերությունների մասին մանրամասներ հրապարակել:

 

ՊԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԸ

Հայաստանում ստեղծվել է ներառական պարային պրոֆեսիոնալ առաջին խումբը, որում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող պարողներ: «ՀայՖեստ» միջազգային փառատոնի շրջանակում «Մի՛ լքիր ինձ» պարային ներկայացմամբ օրերս կայացել է խմբի սաների առաջին ելույթը: Ներառական պարային խումբը ստեղծվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» նախագծի աջակցությամբ: Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի եւ Մեծ Բրիտանիայի «Կանդուկո» պարային թատրոնի համագործակցության շնորհիվ ստեղծված 50 րոպե տեւողությամբ ներկայացման մեջ պարում են հաշմանդամություն ունեցող եւ չունեցող պարողներ: Ավելի քան մեկ տարի տեւած դասընթացներից, մասնակիցների ընտրությունից ու փորձերից հետո խումբը ներկայացրել է պատմություններ «Ne Me Quitte Pas» («Մի՛ լքիր ինձ») երգի տարբեր մեկնաբանությունների ներքո:
 

ՄԱՅՐԱՆԱԼՈՒ Է

Արդեն մեկ տարի է՝ մամուլում լուրեր են պտտվում, որ Ջասթին Թիմբերլեյքի եւ Ջեսիկա Բիլի բաժանումն անխուսափելի է:Ի պատասխան այս ասեկոսեների՝ ամուսիններն օրերս եւս մեկ անգամ ի ցույց են դրել իրենց անքակտելի կապը: Ջեսիկան ժամանել է Ավստրալիա, որտեղ շուտով կայանալու է Թիմբերլեյքի համերգը, եւ զույգը դուրս է եկել զբոսնելու. հենց այս ժամանակ էլ պապարացիները նկատել են, որ 32-ամյա Ջեսիկան հղի է: Հիշեցնենք, որ զույգն սկսել է հանդիպել 2007թ-ից, իսկ 2012թ-ին նրանք գաղտնի ամուսնացել են Իտալիայում: Այս երկու տարիների ընթացքում գեղեցկուհի Ջեսիկան մեկ անգամ չէ, որ նշել է մայր դառնալու իր մեծ ցանկության մասին:

 

 




Լրահոս