ԿՐԱԿՈՂԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ընդամենը «ազիզ» բառի համար մի խումբ երիտասարդներ բախվել էին իրար, ինչի ժամանակ անգամ կրակոցներ էին հնչել: Տեղեկացրել էինք, որ վերը նշված օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի կենտրոնում, ապա նաեւ նախկին անասնապահական համալիրի մոտ հավաքված են եղել Վարդենիսի բնակիչներ Արկադի Գրիգորյանը, Կարեն Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Մինաս Մինասյանը, Վահե Ավետիսյանը, Արսեն Հովհաննիսյանը, Վարդան եւ Արմեն Դավթյաններն ու Արման Երանոսյանը (Ջեյսիկ): Նրանց էին մոտեցել Արման Դավեյանն ու Ռաֆայել Թադեւոսյանը (որին վարդենիսցիները ճանաչում են որպես Մեմիրի Ռաֆո): Վերջինս Արման Երանոսյանին հարցրել էր, թե «ազի՛զ, ո՞նց ես», իսկ Արմանն էլ վրդովվել էր այդ «ազիզ» բառից ու պատիվ պահանջել Ռաֆայել Թադեւոսյանից: Կռիվն այնքան էր թեժացել, որ 35-ամյա Ռաֆայելը հանել է իր ինքնաձիգն ու կրակել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ռաֆայելը մեկ «մագազին դատարկել» էր հավաքվածների ուղղությամբ եւ նստելով մեքենան՝ փախել:
Ավելի ուշ նրան զանգահարել էր Արմանն ու ասել, որ իրենք դեռեւս պարզելու բան ունեն, Ռաֆայելն առաջարկել էր հանդիպել Երեւանում եւ մնացած գործը ավարտին հասցնել: Արմանն էլ, հավաքելով իր հետ եղած անձանց, շտապել էր Երեւան՝ Ռաֆայելին հանդիպելու: Սակայն ոստիկանությունը ձերբակալել էր բոլորին, բացի Ռաֆայելից:
Իհարկե, երիտասարդներին որոշ ժամանակ հետո ստորագրությամբ բաց էին թողել: Իսկ Ռաֆայելի նկատմամբ ոստիկանությունը հայտարարել էր հետախուզում: Երեկ ձերբակալվել է նաեւ Ռաֆայելը, որի մոտ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու անձնագիր:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ռաֆայել Թադեւոսյանը եւս ստորագրությամբ բաց կթողնվի, քանի որ Գեղարքունիքի մարզային ոստիկանության հետ մերձ հարաբերություններ ունի:
Հ.Գ. Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր արձակված 5,45 մմ տրամաչափի կրակված 30 պարկուճ ԱԿ-74 տիպի ինքնաձիգից:

Լուսանկարը ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս