ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԲՀԿ-Ի ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարի հիմնական ինտրիգը երեկ ստացավ իր վերջնական հանգուցալուծումը. ԲՀԿ-ն պաշտոնապես հրաժարվեց կոալիցիա կազմելուց: Նախօրեին՝ ուշ գիշերը, տեղի էր ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որը տեւել էր մինչեւ ժամը 1:30-ը: Առավոտյան արդեն հրապարակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք նպատակահարմար չեն գտնում մաս կազմել կոալիցիայի:
«Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»,-ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ: Նա նաեւ նշել է, որ իրենք շարունակելու են ծանրակշիռ դերակատարություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում, նաեւ՝ ակտիվ գործունեություն ծավալել խորհրդարանում:
Ծառուկյանի այս հայտարարությունը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ոչ միայն անակնկալ է եղել շատ ԲՀԿ-ականների համար, այլեւ ոչ բոլորի սրտովն է: Բանն այն է, որ ԲՀԿ-ականների մի զգալի հատված ոչ մի կերպ չի կարող իրեն պատկերացնել իշխանությունից դուրս ու հիմա տարակուսած են՝ ինչ է լինելու այս ամենի վերջը: Մանավանդ որ ԲՀԿ-ի նախարարները, փոխնախարարները, մարզպետերն ու փոխմարզպետերն առաջիկայում պարտավոր են հրաժարվել իրենց պորտֆելներից կամ հանուն պորտֆելի հրաժարվել կուսակցությունից:
Խաղ է արդյոք ԲՀԿ-ի այս քայլը, թե անկեղծության պոռթկում՝ դեռ դժվար է ասել: Դա կերեւա ԲՀԿ-ի նկատմամբ գործադրվելիք ճնշումների աստիճանից:
Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ հիմա Սերժ Սարգսյանի շրջապատը զբաղված է ԲՀԿ-ականներին «վերբովկա» անելով եւ ցանկանում է անել այնպես, որ ինչպես ժամանակին շատերը հանուն իրենց պաշտոնի դուրս եկան ՕԵԿ-ից, նույնը կատարվի նաեւ ԲՀԿ-ի հետ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, երեկ վստահեցրեց, որ ԲՀԿ-ական նախարարներից որեւէ մեկը հանուն պաշտոնի չի լքի կուսակցությունը: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ որեւէ անդամ, որեւէ պաշտոնյա կուսակցությունից դուրս չի գալու, ԲՀԿ-ական որեւէ պատգամավոր մանդատը վայր չի դնելու: Եվ բոլորին խորհուրդ եմ տալիս մեզ չշփոթել այլ կուսակցության հետ, որն էլ ուզում է լինի»,-ասաց նա:
Ի դեպ, ԲՀԿ-ի այս քայլը նաեւ շատ հարցերի տեղիք է տալիս. մասնավորապես, ի՞նչ է լինելու նախորդ տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հայտարարության հետ, որով ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը պարտավորվել էին 2013թ. ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը, արդյոք կոալիցիայից դուրս գալով ու իշխանության մաս չլինելով՝ ԲՀԿ-ն պարտավորված է լինելու պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ այսուհետ այս կուսակցությունը պետք է համարվի ընդդիմություն. բանն այն է, որ եթե այս կուսակցությունն իշխանության մաս չի կազմում, ապա ինքնըստինքյան դառնում է ընդդիմություն: Դեռ ավելին, ԱԺ նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին, քանի որ նման ընթացակարգ է նախատեսում կանոնակարգ-օրենքը, որտեղ գործունեության երաշխիքներ կան խորհրդարանական ընդդիմության համար:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե ԲՀԿ ստորագրության վավերականության մասին հարցն իր իրավասությունների շրջանակում չէ:
Երեկ՝ երեկոյան, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը նախատեսվածից մեկ ժամ շուտ սկսվեց: Արդյունքում՝ ՀՀԿ-ն որոշեց միայնակ ստանձնել իշխանության պատասխանատվությունը, բայց նաեւ՝ համագործակցել ՕԵԿ-ի հետ: Ասել է թե առաջիկայում ՀՀԿ-ն հավատարմության համար ՕԵԿ-ին հավանաբար երկու նախարարական պորտֆել, մի քանի մանր-մունր պաշտոն կտա: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստի ժամանակ եղել է բավական մռայլ, զայրացած. նիստին առանձնապես քննարկում չի եղել, այլ Սերժ Սարգսյանը մենախոսել է՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը: Նա որոշ պարզաբանումներ է տվել ՀՀԿ-ականներին կոալիցիա կազմելու շուրջ քննարկումների մասին: Նա ասել է, որ ԲՀԿ-ին ինքը ոչինչ չի զիջել, այդ պատճառով էլ կոալիցիան չի կայացել. «Միշտ էլ ՀՀԿ-ն եղել է գործընթացների միակ եւ առանցքային պատասխանատուն եւ այս անգամ էլ մենք՝ որպես հաղթող ուժ, միայնակ ողջ պատասխանատվությունը մեզ վրա կվերցնենք: Ի՞նչ է եղել, որ»,- ՀՀԿ-ականներին հուսադրել է նա:
ՀՀԿ ԳՄ նիստում, սակայն, որեւէ որոշում չի կայացվել կադրային հարցերի վերաբերյալ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ վարչապետը լինելու են ՀՀԿ-ից: Նա նշեց, թե հարգանքով է վերաբերվում ԲՀԿ որոշմանը: Մեր հարցին՝ կիսալուծարված ՕԵԿ-ի հետ ինչպես են պատկերացնում համագործակցությունը, Շարմազանովը հստակ պատասխան չտվեց. «Նրա՛նց հարցրեք»,-ասաց նա: Շարմազանովը նաեւ նշեց, որ իշխանություն կազմելու վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների հետ: Այս հարցում ՀՀԿ-ն վերջնական որոշում պատրաստվում է կայացնել առաջիկայում. հավանաբար՝ մինչեւ մայիսի 27-ը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀԿ շենքի կտուրի հրդեհը կարծես թե վախեցրել է ՀՀԿ-ականներին: Ու հավանաբար, դա էր պատճառը, որ երեկ Սերժ Սարգսյանի թիկնապահները սովորականից ավելի խիստ էին ու լրագրողներին չէին թույլատրում մոտենալ շենքին: Իսկ ՀՀԿ շենքի ողջ երրորդ հարկում այս օրերին անհնար է դարձել աշխատելը. հրդեհը մարելու համար հրշեջներն այնքան ջուր են լցրել, որ ողջ երրորդ հարկը անասելի վնասվել է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս