ԳՏԵԼ ԵՆ ՍԱՐԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մայիսի 24-ին, գտել են դեռեւս երկու օր առաջ կորած տղամարդուն, որը տնից դուրս էր եկել եւ այլեւս չէր վերադարձել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փնտրվողը Կոտայքի մարզի Առինջ համայնքի 1-ին փողոցի թիվ 29 տան 84-ամյա բնակիչ Հարություն Մխիթարյանն է:
Նրա դուստրը՝ Մանուշակը, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հոր ինքնազգացողությունը բավարար է: Իսկ որդին՝ Գեղամ Մխիթարյանն էլ հետեւյալը պատմեց. «Պապան սիրում է գարնան այս սեզոնին սարերում լինել: Մայիսի 22-ի առավոտյան արթնացավ, հավաքվեց ու գնաց սար: Երեկոյան, երբ ուշացավ, անհանգստացանք: Փնտրեցինք, բայց չգտանք: Դիմեցինք ոստիկանության Կոտայքի բաժին, եւ սկսեցին որոնողական աշխատանքները: Վերջապես նրան գտանք Գառնի գյուղի մոտի սարում, ահավոր հյուծված եւ ուժասպառ վիճակում էր»: Որդին հավելեց, որ հայրը պարզապես մոլորվել էր ու կորցրել հետդարձի ճանապարհը:  Գեղամ Մխիթարյանի վկայությամբ՝ հորը գտել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի աջակցությամբ:
Կոտայքի   մարզային փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ Հ. Մխիթարյանի տղաներն անձամբ էին գտել նրան: Սակայն տեղանքում կողմնորոշվելու ու տրանսպորտային միջոցի բացակայության պատճառով դիմել են փրկարարների աջակցությանը. «Երբ տեղ հասանք, նրա գիտակցությունը տեղն էր, բայց թույլ էր: Առաջարկեցինք տեղափոխել հիվանդանոց, տղաները պատճառաբանեցին, որ նրա սանիտարական վիճակը բարելավելուց հետո անձամբ կտեղափոխեն հիվանդանոց»:




Լրահոս