Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ ստացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի քաղաքացուց, ըստ որի՝ թիվ 184 ավագ դպրոցի շրջանավարտներն իրենց վերջին զանգի միջոցառումները անցկացրել են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ ծնողների մուտքը եղել է տոմսերով: Շրջանավարտների ծնողները ստիպված են եղել 1000-1500 դրամ վճարել՝ վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանը: «Այո՛, քանի որ մեր դպրոցը չունի դահլիճ, նույնիսկ ֆիզկուլտուրայի դահլիճ չունենք, մանկապարտեզին հարմարեցված շենք է: Այդ պատճառով ենք միջոցառումն այնտեղ կազմակերպել: Իսկ տոմսերի վաճառքը եղել է այսպես. միայն ծնողներն են վճարել, իսկ երեխաները՝ ոչ: Ամբողջ գումարը վճարել ենք դահլիճի վարձակալման համար»,-հայտարարեց դպրոցի տնօրենը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ