Վերջին 1-2 տարում բավականաչափ շատացել են հայ տղամարդկանց կամ տղեկների կողմից շանտաժի միջոցով փող աշխատելու եւ սեռական բավարարվածություն ստանալու դեպքերը: Ու դա անում են՝ անկախ իրենց եւ տուժողի տարիքից, զբաղմունքից, ֆինանսական հնարավորություններից:
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նախկինում դատապարտված 26-ամյա Գարիկ Հարությունյանի եւ նախկինում 5 անգամ դատապարտված 48-ամյա Հրաչյա Գեւորգյանի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձի, գումարի շորթման, պատանդ վերցնելու եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, իսկ նրա համախոհը մեղադրվում է միայն պատանդ պահելու համար: Ըստ քրգործի նյութերի՝ նրանք նախնական համաձայնությամբ Աջափնյակի բնակիչներից մեկին որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու պայմանով պատանդ են վերցրել նրա դստերը՝ Նունեին, եւ անչափահաս թոռնիկին՝ Սմբատին (տուժողների անունները փոխված են), տեղափոխել Հրաչի բնակավայր, պահել, որտեղ դանակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ որոշակի պահանջներ են ներկայացրել նրանց հարազատին: Պատանդներին ազատելու համար Հրաչն ու Գարիկը Նունեի հորից` Սամվելից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել նրանց: Իսկ երբ բռնել են գումար շորթողներին, Հրաչյա Գեւորգյան ազատազրկման վայրից բազմաթիվ անգամ կրկին կապվել է Նունեի հոր հետ ու սպառնալով, որ կնվաստացնի Նունեին՝ նրա մերկ նկարները ցուցադրելով, ինչպես նաեւ կվնասի Նունեին ու նրա երեխաներին, պահանջել եւ ստացել է խոշոր չափերի գումար:
Նմանատիպ մի գործ կա նաեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ամբաստանյալները երեքն են, որոնցից երկուսը 18 տարեկան են, մեկը՝ 24: Իսկ տուժողը մի անչափահաս՝ 16 տարին չլրացած աղջիկ է, ում, ըստ մեղադրանքի, երեք ամբաստանյալներն ավտոլվացման կետերից մեկի հանգստյան սենյակում շանտաժի միջոցով ստիպել են սեքսուալ բնույթի եւ անառակաբարո գործողություններ կատարել: Քանաքեռի այդ բնակիչներից ամբաստանյալ Գուրգեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկանիշներով՝ անձին սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու համար, որը պատժվում է տուգանքով` 200.000-300.000 դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Ամբաստանյալ Հարություն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քր. օր.-ի 141 հոդվածի հատկանիշներով՝ ակնհայտ 16 տարին չլրացած անչափահաս Ծաղկուհու (անունը փոխված է) նկատմամբ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար, ինչը պատժվում է տուգանքով՝ 200.000-250.000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Արթուր Աղագուլյանը մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու համար, որի համար 142-րդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք` 200.000-400.000 դրամի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով: Նրանցից առաջին երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ երրորդի նկատմամբ՝ հսկողության հանձնելը:
Եւս մեկ դրամաշորթության գործ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ (ըստ մեղադրանքի) մեղադրյալները քրեակատարողական հիմնարկից են: 2005-ին 8 տարվա ազատազրկման դատապարտված եւ «Սեւան» ՔԿՀ-ում պատիժը կրող Ս. Սիմոնյանը 2009թ. հունվարին, նույն ՔԿՀ դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով Նազելիի հեռախոսահամարը, ներկայացել է որպես վերջինիս համադասարանցի: Նազելին, համոզված լինելով, որ շփվում է իր համադասարանցու հետ, իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է ՔԿՀ: Այնուհետեւ 2009թ. մայիս ամսվա ընթացքում Ս. Սիմոնյանը Նազելիից գումար է պահանջել` նրան արատավորող տեղեկությունների եւ իրենց կապի ու հարաբերությունների մասին Նազելիի ամուսնուն եւ հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները վերջիններիս չուղարկելու դիմաց: Բացի դա, Ս. Սիմոնյանը, համաձայնության գալով նույն ՔԿՀ-ում իր պատիժը կրող Ա. Աբրահամյանի հետ, 2012թ. հունվարի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսով odnoklassniki.ru կայքում Նազելիի անհատական էջում վերջինիս արատավորող նամակագրության եղանակով, իսկ Ա. Աբրահամյանը` հեռախոսազրույցների միջոցով, սպառնացել են արատավորող կեղծ տեղեկություններ հրապարակել, մերկ լուսանկարներ տարածել, որոնց դիմաց Նազելիից պահանջել են 250.000 դրամ: Նույն եղանակով այս դուետից տուժել են եւս 4 հոգի:
Հ.Գ. Ստացվում է՝ մեր շրջապատում չունեւոր, չբավարարված ու շեղված արական սեռի բանակ կա, իսկ մենք նրանց տղամարդ ենք համարում…
ՇԱՆՏԱԺԻՍՏՆԵՐԸ՝ ՔԿՀ-ԻՑ ԵՎ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ