Դեռեւս 2013 թվականի մարտին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցութայն ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեցին միմյանց: «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանը դուրս գալով «առյուծների վանդակից» հայտարարեց, թե իր համար անակնկալ չէր Գ. Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ընդդիմություն դառնալ, ինչին ի պատասխան` ԲՀԿ գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ր. Հովհաննիսյանը թերի եւ ոչ ստույգ մեջբերումներ է կատարել առանձնազրույցից: Սրան հետեւեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքը, թե «պարոն Ծառուկյանի հետ հանդիպման գնացող ցանկացած մեկը պետք է պատրաստ լինի, որ իրեն գաղտնի ձայնագրում են, ցավալի է, իհարկե, որ իրենք խոստովանում են, որ նման բան կա»:
Ահա՝ ուղիղ մեկ տարի անց՝ մարտի 14-ին, նույն գործիչները կրկին հանդիպեցին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ր. Հովհաննիսյանը մտավախություն չունի՞, որ Ծառուկյանն իր սովորության համաձայն կարող է գաղտնի ձայնագրած լինել առանձնազրույցը, ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ, ոչ մի մտահոգություն չի եղել, ու կարծում եմ, որ անցած անգամ պարզաբանվել է»:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2013թ. տարեվերջին 1 մլն 200 հազար դրամ կամ մոտ 3 հազար դոլար է ծախսել` ընդամենը մեկ ավտոմեքենայի վերանորոգման համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերանորոգվել է մեքենայի ավտոմատ փոխանցման տուփը. փոխանցման տուփի կառավարման համակարգը, համապատասխան դետալները, զտիչն ու կոնվերտորը փոխարինվել են նորերով` գործարանային արտադրության: Գումարն էլ, բնականաբար, տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից: Ուշագրավն այն է, որ այսպես հիմնավոր վերանորոգվել է «Տոյոտա քեմրի» մակնիշի 00 4ԼԼ 55 պետհամարանիշի ծառայողական մեքենան. իսկ դա, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, նախարար Դավիթ Սարգսյանի ավտոմեքենան է: Նա վարչապետի սանիկն է:
Ինչպես երեւում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ին: Բայց դա անում է բավականին գրագետ. ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց եւ առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում: Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաեւ մեկ այլ ԲՀԿ-ական՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ բավարարվելով երկու բառով «no comment»: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հետ կապվել չհաջողվեց:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Վարդենիսի ոստիկանները Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանին պատկանող չգործող ռեստորաններից մեկում՝ ցեմենտի բարակ շերտի տակ մեկ տոննայից ավելի քանակությամբ ոսկու հանքանյութ են հայտնաբերել: Սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Վալերի Բաղյանն ասաց, թե իրենք տնօրենին պատկանող տարածք չեն մտել, չեն ստուգել: Փոխարենը ոստիկանները մտնում եւ խուզարկում են շարքային բնակիչների բնակարանները՝ ջանալով այնտեղ Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութ հայտնաբերել: Ոստիկանության՝ հաճախակի խուզարկությունների դեմ օրերս վարդենիսցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պնդելով, թե անհարկի խուզարկությունները վախեցնում են իրենց երեխաներին: Խոսելով այս մասին, Վ. Բաղյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Իրենք ուզում են, որ մենք թույլ տանք գնան եւ գողություն անեն, բայց դա քրեորեն պատժելի արաք է: Հանդիպում եղավ քաղաքապետարանում, անձամբ հանդիպեցի, խոսեցի, մարդիկ հասկացան»:
ՈՒՂՂԱԿԻ ԱՂԵՏ Է
Որն է այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը: Այս հարցին կարող են լինել տասնյակ, հարյուրավոր պատասխաններ, սակայն հիմնական խնդիրն այն է, որ մեր իշխանությունները կորցրել են իրականության հետ կապի, ադեկվատության զգացողությունը:
Երկրից ահագնացող արտագաղթի, ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի, հսկայական արտաքին պարտքի, գործազրկության, աղքատության աննախադեպ բարձր մակարդակի եւ այդ ամենին էլ գումարած` պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանի իշխանությունները դրսեւորում են, մեղմ ասած, անհամարժեք վարքագիծ: Այսօր ողջ իշխանական վերնախավը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հայտնի կատակերգի նման Սերժ Սարգսյանին զեկուցում են` «Չրպ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈÿ ՎՈՐՍՌջՈ», նա էլ ոչ միայն սիրով հավատում է, այլեւ ծայրահեղ դժկամությամբ է ընդունում իշխանությունների գործունեության մասին որեւէ` անգամ նվազագույն քննադատություն: Ավելին՝ իր հրապարակային ելույթներում նա երբեմն հանդես է գալիս այնպիսի գնահատականներով, որոնցից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանը ոչ միայն չի տիրապետում առկա իրական վիճակին, այլեւ ունի այդ իրավիճակի մասին տրամագծորեն հակառակ պատկերացումները:
Մասնավորապես` երբ նրա ականջին հասնում է երկրից արտագաղթի մասին դժգոհություն, նա ոլորտի մասնագետներին հրավիրում է խորհրդակցության եւ մի լավ կշտամբում, թե ինչու հանրությանը չեն բացատրում, որ «մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ դիմում են ժամանակավոր միգրացիայի` արտերկրում աշխատելու, եւ ապա` մի քանի ամիս անց վերադառնում»: Եվ փույթ չէ, որ նրա ներկայացրած թվերն իրականության հետ որեւէ աղերս չունեն:
Երբ քաղաքացիները բողոքում են գործազրկության մակարդակից, Ս. Սարգսյանը դարձայլ վրդովվում է եւ հայտարարում, թե «հայ մարդը շատ քմահաճ է, եւ Հայաստանում 150- 180 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերը թողած` գնում է Ռուսաստան»: Եվ դարձյալ` իրեն նեղություն չի տալիս մտածելու, թե ինչպես կարող է իր ասածը ճիշտ լինել, եթե, օրինակ, ԳԱԱ աշխատակիցները ստանում են ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ:
Սերժ Սարգսյանին դուր չի գալիս նաեւ, երբ բողոքում են կոռուպցիայի դեմ: Առավել եւս` եթե դա անում է իշխանական համակարգից որեւէ մեկը, ինչպես, օրինակ, Իշխան Զաքարյանը: Այդ դեպքում նա վրդովված «շշպռում է»` ասելով` «քո կարծիքը կարող ես հայտնել ձեր տանը»:
Նույնկերպ էլ նա «մուննաթ» է գալիս դժգոհ քաղաքացու վրա, ասելով` «Ե՞ս եմ մեղավոր, որ տղադ արտագաղթել է»:
Վերջերս Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը ԱՄՆ նախագահ Բ. Օբամային ասել էր, թե. «Պուտինը, կարծես, ադեկվատության զգացողությունը կորցրել է»: Եթե Ռուսաստանի դեպքում ոչ ադեկվատ նախագահ ունենալը կարող է եւ կործանարար չլինել, ապա Հայաստանի նման երկրի համար դա ուղղակի աղետ է: