ՀՀ կառավարության երեկվա նիստում հայտարարվել է, որ 2012-ին Միջազգային զարգացման ընկերակցության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկերից Հայաստանը պետական բյուջե է մուտքագրել 37 մլն դոլար վարկ:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այս առիթով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ արտաքին պարտքի ավելացումը որեւէ լավ բանի չի հանգեցնի. «Չեմ ուզում բայղուշություն անել, բայց սա սառը գնահատական է. այդ ամենը կհանգեցնի ՀՀ դրամի փոխարժեքի սրմանը, կդառնա դեֆոլտի պատճառ: Այսօր էլ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները բրյուսելներում ու ճապոնիաներում վարկով փող են փնտրում: Այդ ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հանրապետության վիճակը ծանր է, եւ դրա մասին պետք է իմանա հասարակությունը»:
Հիշեցնենք, որ տարեսկզբի տվյալներով՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը գերազանցել է 3,5 մլրդ դոլարը: Ինչպես հայտնի է, դրա կեսից ավելին ձեւավորվել է վերջին երեք տարիներին: Միայն այդ ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 2 մլրդ դոլարով (հիմնական մասը բաժին է ընկնում 2009թ-ին):
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿ ՊԱՐՏՔ Է ՇԱԼԱԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ