«Հրաշալի քառյակ»-ի երեկվա նիստը մեկնարկեց անակնկալով. այդ հանդիպմանը մասնակցելու համար, անսպասելիորեն, ԱԺ էր եկել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս խորհրդարան էր եկել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եւ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի հետ:
Քառյակը՝ հնգյա՞կ
Հովիկ Աբրահամյանի ու Քառյակի ներկայացուցիչների հանդիպումը տեւեց մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է նորմալ մթնոլորտում, սակայն, եղել են նաեւ սուր պահեր: Հովիկ Աբրահամյանը սկսել է ոչ իշխանական ուժերին համոզել, թե ինքն իրոք մտադիր է ակտիվ աշխատել, իսկ որպես իր ասածի ապացույց, նշել է, թե արդեն որոշել են հանդես գալ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կասեցնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Նաեւ կոչ է արել ոչ իշխանական ուժերին համագործակցել կառավարության հետ, միասնաբար լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրները: Այս ընթացքում նա ջերմ խոսքեր է շռայլել Քառյակի կուսակցությունների եւ նրանց ներկայացուցիչների մտավոր ունակությունների, կամքի, անցած ճանապարհի մասին: Հանդիպմանը միայն ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները՝ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն են կտրուկ հակադարձել` թե իրենք խնդիր չունեն Հովիկ Աբրահամյանի անձի հետ, բայց ցանկություն չունեն քաղաքական պատասխանատվություն կիսել ոչ օրինակարգ իշխանությունների ընդունած որեւէ որոշման համար,եւ որ իրենց նպատակն է Հայաստանն ազատել այս ռեժիմից: Աբրահամյանը փորձել է ցրել լարվածությունը, ասել է, թե կառավարությունը պատրաստ է ուսումնասիրել ու քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Քառյակի օրենսդրական նախաձեռնությունը, նույնիսկ նախագծի մի օրինակ վերցրել է իր մոտ: Չնայած՝ ՀԱԿ ներկայացուցիչները նաեւ այս կապակցությամբ են ասել, թե չեն պատրաստվում գործադիրի հետ քննարկել նրա ներկայացրած նախագիծը: Ավելի ուշ, Քառյակի հետ հանդիպման ավարտից հետո Աբրահամյանը լրագրողների հետ կարճ զրույցում հայտարարեց. «Մեզ նախագիծ տրամադրվեց, մենք կվերադառնանք կառավարություն, կփորձենք քննարկել… Իմ բոլոր ասածներին ես տեր եմ»:
Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Քառյակն արդեն անցել է իր հիմնական օրակարգի քննարկմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հիմնական քննարկումներն ընթացել են ԱԺ առաջիկա քառօրյայի եւ ոչ իշխանական ուժերի մարտավարության խնդիրների շուրջ: Մասնավորապես, Քառյակը ցանկանում է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» «պարտադիր բաղադրիչի» իր նախագիծը քննարկելու համար պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Կրկին օրակարգ է վերադարձել նաեւ համատեղ հանրահավաքի անել-չանելու հարցը: Չորս ուժերը բավականին մանրամասն քննարկել են հանրահավաք հրավիրելու հարցը, եւ որոշվել է դա անել նախ՝ մարզերում, իսկ հետո արդեն՝ Երեւանում: Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշել է, թե «Քառյակով որոշել էինք, որ առաջիկա քառօրյայում կուտակայինի վերաբերյալ արտահերթ նիստ ենք հրավիրելու, մեր այդ որոշումն ուժի մեջ է, անկախ այն փաստից, որ կառավարությունն Ազգային ժողով է բերում մի նախագիծ, որով առաջարկում է կասեցնել համակարգի վճարները չկատարող աշխատակիցների տույժերն ու տուգաքները հանելուն»: Ինչ վերաբերում է համատեղ հանրահավաքին, ապա Ստեփան Մարգարյանի խոսքերով՝ եթե իրենց կողմից բարձրացված հարցերը սպառիչ պատասխաններ չստանան, չի բացառվում, որ հանդես գան միասնական հանրահավաքներով` ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: «Մենք սկզբունքներն ենք որոշել, որ Քառյակը պահպանում է իր գործունեությունը, Քառյակը շարունակում է միասնական լինել բազմաթիվ հարցերի շուրջ եւ հասարակությանը ներկայանալ միասնական օրակարգով»,- ասել է Մարգարյանը:
Բաց խաղաքարերով
Քառյակի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանի երեկվա այցը, թերեւս, պատահական չէր: Սրանով իշխանություններն այլեւս բացահայտում են իրենց ռազմավարությունը. Քառյակի դիրքորոշումները մեղմելու եւ հնարավորության դեպքում՝ նրանց պառակտելու գործը դրված է Հովիկ Աբրահամյանի վրա: Ի վերջո, հենց այս պատճառով էլ նա նշանակվեց վարչապետ, հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական կապը: Ու հիմա իշխանություններն՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, անցել են բացահայտ գործողությունների:
Եվ հիմա Աբրահամյանի գլխավոր խնդիրը «կուտակայինի» հարցի լուծումն է: Մեկ կառավարությունում է նիստ հրավիրում այդ հարցով, մեկ ԱԺ է գնում` նիստի մասնակցելու, մեկ «Դեմ եմ»-ի բողոքի ակցիայի կիզակետում է հայտնվում` ակտիվիստներին խոստումներ տալով, մեկ կառավարության նիստում «դեմ եմ» բովանդակությամբ մարգարեական ելույթներ ունենում:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. Քառյակի երեկվա նիստն անցկացվում էր ԲՀԿ խմբակցությունում, եւ Հովիկ Աբրահամյանը եկել էր հենց իր խնամու խմբակցությունում տեղի ունեցող նիստին: Նման համընկնումները, թերեւս, պատահական չեն լինում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՏԻՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
«ՏՈՆՈՒՍ»-ԻՑ «ՔՑՎԱԾՆԵՐ»-Ը
«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած ավելի քան 160 բնակարանատերեր շարունակում են մնալ անելանելի վիճակում: Բնակիչների խոսքով՝ «Արցախբանկ»-ից իրենց խոստացել են, որ ապրիլի վերջին կզանգեն եւ կկանչեն հանդիպման: «Մեզ ասել են, որ սպասեք: Մենք էլ սպասում ենք, որ տեսնենք, թե ինչ են ասելու: Դրանից հետո, եթե բանկի առաջարկները մեզ չբավարարեցին, ապա կտրուկ քայլերի կգնանք: Հոգնել ենք, հիասթափվել, հույս չունենք եւ ոչ մեկին չենք հավատում: Սպասողական վիճակում ենք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տխուր ասաց տուժած քաղաքացի Զոյա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տուժած քաղաքացիները հանդիպել էին նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, ով խոստացել էր, որ կզբաղվի այս հարցով: Սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա:
ՆՈՐ ՔԱՌՕՐՅԱՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀՈՎ
Երկուշաբթի օրը կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, եւ հնարավոր է՝ հենց այդ օրն էլ անցկացվեն ԱԺ նախագահի ընտրությունները: ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում պնդում են, որ ԱԺ նախագահ է դառնալու Գալուստ Սահակյանը: Սակայն այդ հարցը վերջնականապես կորոշվի այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում: Այսօր կորոշվի նաեւ, թե ովքեր են լինելու նորանշանակ կառավարությունում: Նշենք, որ դեռեւս 9 նախարարությունում նշանակում չի արվել:
ԹԻՄԸ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը սկսել է մեծ արագությամբ աշխատանքի տեղավորել իր թիմակիցներին: Երեկ Դ.Հարությունյանի տեղակալ է նշանակվել Նունե Խաչատրյանը: Ուշագրավն այն է, որ Նունե Խաչատրյանը մշտապես աշխատել է այնտեղ, որտեղ աշխատել է Դ. Հարությունյանը: Երբ վերջինս ՀՀ արդարադատության նախարար էր, Խաչատրյանը եղել է սկզբում նրա օգնականը, այնուհետեւ՝ խորհրդականը, հետո՝ նախարարության աշխատակազմի ղեկավարը: Այս պաշտոնում Խաչատրյանը մնացել է նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամանակ, բայց՝ շարունակել է գործել Դ.Հարությունյանի հովանու ներքո: Նախորդ տարի Խաչատրյանը տեղափոխվեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշանակվելով գլխավոր դատախազի խորհրդական, եւ կարճ ժամանակ անց, նա կրկին Դավիթ Հարությունյանի կողքին է՝ արդեն որպես նրա տեղակալ:
ԱՌԱՋԱՐԿ ՉՈՒՆԻ
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ն ղեկավարելու առաջարկ չի ստացել: Այս մասին Էդուարդ Շարմազանովն ասաց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Ես ԱԺ փոխնախագահի պաշտոնում շատ պատասխանատու աշխատում եմ»,-ասաց նա: Այն հարցին, թե ցանկություն չունի ղեկավարելու ԱԺ-ն, պատասխանեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ»: Նշենք, որ ԱԺ նախագահի պաշտոնում հավանական թեկնածուների շարքում շրջանառվում են ՀՀԿ-ականներ Գալուստ Սահակյանի եւ Էդուարդ Շարմազանովի անունները:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՊՈՒՏԻՆԻ «ԿԱՊՐԻԶՈՎ»
Կիեւում տեղի է ունեցել «Ուկրաինա-Ռուսաստան. երկխոսություն» համաժողովը, որի նախաձեռնողներից է նախկին քաղբանտարկյալ, ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին։ Նա հայտարարել է, թե կրեմլյան ռեժիմը խանգարում է Ուկրաինայի ժողովրդին ինքնուրույն ապրել։ Իսկ Կրեմլի ագրեսիվ գործողությունների պատճառը, ըստ Միխայիլ Խոդորկովսկու, մեծապես պայմանավորված է վրեժխնդիր լինելու` Պուտինի ցանկությամբ:
«Նախագահ Պուտինը հիմա ոչ թե Ռուսաստանի ռազմավարական, գլոբալ խնդիրներն է լուծում, այլ՝ այս անգամ Ուկրաինայում, չարաշահելով պաշտոնական դիրքը, նորից փորձում է վրեժ լուծել անձնական վիրավորանքի համար», – ասել է նա։
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ
Չեխիայում աշխատանքային այցով գտնվող Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Սարգսյանն ընդգծել է, որ վերջին ժամանակաշրջանում ստեղծվել է արդյունավետ հիմք երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:
Խոսելով տնտեսական գործակցության զարգացման մասին՝ Ս. Սարգսյանը եւ Գ. Մարգվելաշվիլին կարեւորել են տրանսպորտի եւ տրանսպորտային հաղորդակցության, ինչպես նաեւ փոխշահավետ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:
ՕԲԱՄԱՅԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ
Նախօրեին CNN հեռուստաընկերությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցրել է 2008-ին վերջինիս տված խոստումը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, ինչը նա մինչ օրս չի կատարել: Ռեպորտաժում մասնավորապես ընդգծվել է, որ Օբաման խոսել է Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, նույնիսկ եթե դա դուր չգա ԱՄՆ դաշնակից Թուրքիային: «Սակայն այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, նախագահ Օբաման 6-րդ անգամ հրաժարվեց ասել այդ բառը, որը խոստացել էր ասել»,-հիշեցրել է CNN-ի թղթակիցը:
ԱՆԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, համաձայն 168.am-ի տեղեկությունների՝ ցանկանում է Աժ աշխատակազմի նախագահի պաշտոնում նշանակել տալ Վրեժ Գասպարյանին, ով մինչ այդ՝ Ս. Նիկոյանի օրոք, արդեն իսկ զբաղեցրել է այդ պաշտոնը: ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Գուրգեն Դումանյանը տեղափոխվելու է կառավարություն` Հարությունյանի տեղակալի պաշտոնին: Կայքի տեղեկություններով` ԱԺ աշխատակազմը դեմ է Վ. Գասպարյանի նշանակմանը եւ պատրաստվում է այդ հարցով դիմել ԱԺ ապագա նախագահ Գալուստ Սահակյանին:
ԶՈՐՔԵՐԸ ՀԵՏ ՔԱՇԵԼ
Պրահայում «Արեւելյան գործընկերության» երկօրյա գագաթաժողովի ավարտին ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որով Ռուսաստանին կոչ է արվում իր զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմանից: Բացի այդ, «Արեւելյան գործընկերության» երկրներն ընդգծել են, որ պատրաստ են միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ ներկայիս ճգնաժամում: Հանդիպման մասնակիցներն Ուկրաինային կոչ են արել իրականացնել իշխանության ապակենտրոնացում: