ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում

Ավտովթարի հետեւանքով այս տաքսին վնասվել է, իսկ տրակտորը փորձում է օգնություն ցուցաբերել: Այս դեպքում, ինչպես ժողովուրդն է ասում, չեղած տեղը տրակտորն էլ ավտոքարշակի կփոխարինի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու համար: Ի՞նչ է պետք դրա համար:

Գայանե Միրաքյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիշերօթիկ հաստատություններում երեխաներին տեղավորելու համար անհրաժեշտ է՝
1. դիմում,
2. ծննդյան վկայական (բնօրինակը եւ պատճենը),
3. բժշկական տեղեկանք երեխայի առողջական վիճակի մասին,
4. բնակության վայրից տեղեկանք ընտանիքի անդամների մասին,
5. տեղեկանք ընտանեկան նպաստի իրավունք ունենալու մասին (եթե առկա է),
6. ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
7. տեղեկանք երեխայի բնակության վայրի շրջապատի համաճարակային վիճակի մասին:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների
պաշտպանության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 750 երեխա:

 

 

 

ՀԱՐՑ. Տեւական ժամանակ է՝ մեքենա չունեմ եւ չեմ վարում: Հետեւաբար այդ ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր չեմ կնքել: Հիմա ձեռք եմ բերել մեքենա եւ ուզում եմ տեղեկանալ, եթե կնքեմ ԱՊՊԱ պայմանագիր, ապա ինչպե՞ս է հաշվարկվելու ապահովագրավճարը, իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվելու է, թե՝ ոչ:

Գարիկ Հարությունյան (34 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, ձեր՝ որպես վարորդի, ինչպես դրական, այնպես էլ բացասական ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ապահովագրավճարի սահմանման ժամանակ, անկախ բոլոր հանգամանքներից (մեքենայի փոփոխություն եւ այլն): Եթե Դուք որոշակի ժամանակ ոչ մի պայմանագրում որպես լիազորված տիրապետող չեք եղել, ապա այդ օրերի քանակը որեւէ կերպ չի ազդում ձեր` հետագայում ստանալիք բոնուսային դասի վրա: Օրինակ՝ եթե դուք 2013 թվականի ընթացքում վարել եք մեքենա, որի ԱՊՊԱ պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող եւ այդ ընթացքում ունեցել եք պատահար, սակայն հաջորդ պայմանագիրը, որում դուք կլինեք որպես լիազորված վարորդ կլինի 2020 թվականին, ապա 2013 թվականին ունեցած դեպքի համար մալուսային դաս կստանաք 2020 թվականին: Իսկ բոնուսի դեպքում 2013-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածը չի դիտարկվի որպես բոնուսային դասի հաշվարկման համար օրերի քանակ եւ այդ օրերի համար դուք բոնուս չեք ստանա, քանի որ այդ ընթացքում որեւէ ԱՊՊԱ պայմանագրում նշված չեք եղել:

Ավտոապահովագրողների բյուրո

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ անկախ վարորդի ապահովագրական դրական կամ բացասական պատմությունից, ԱՊՊԱ-ի կնքման ընթացքում հաշվի է առնվում յուրաքանչյուր մանրուք: Հուսանք, որ գոնե այս հանգամանքը կստիպի վարորդներին ղեկին լինել առավել ուշադիր եւ զգոն:

 

 

 

 

ՀԱՐՑ. ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է բոլոր բնագավառներում: Հետաքրքիր է իմանալ` արդյոք հյուպատոսական հիմնարկները պարտավոր են ՀԴՄ կիրառել, թե ոչ:

Հրանուշ Մելիքյան (30 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մելիքյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի՝ օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), (այսուհետ՝ կազմակերպություններ) եւ անհատ ձեռնարկատերերի վրա:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ՀՀ տարածքում գործող բանկերի (ներառյալ՝ դուստր բանկերի), դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), օտարերկրյա բանկերի՝ ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց՝ միայն այդ գործունեության մասով, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների (այդ գործունեության մասով), գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա:




Լրահոս