Լեւոն պապիկը գնացքի մեքենավար է եղել: Հիմա այլ զբաղմունք չունենալու պատճառով նա այգում մարդկանց է կշռում:
Նրա կարծիքով՝ իր աշխատած գումարը քիչ է, բայց. «Ի՞նչ արած: Գոնե թոռնիկներիս կոնֆետ ու քաղցրավենիք եմ գնում: Կուզեի շատ փող աշխատել ու որդուս հոգսերը թեթեւացնել»: Պապիկն այդ կշեռքով օրական աշխատում է 1000-1500 դրամ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց այգու մաքրությունից եւ «բոմժերից». «Ախր էրեխեքն են հիմնականում խաղում այգում: Բա էս բոմժերին կնիկ կպահի՞: Չեն աշխատում, միայն խմում են»:
Մեր զրուցակիցը երկար ժամանակ մեքենա վարելուց մեջքի հետ կապված խնդիրներ է ձեռք բերել. «Վաճառեցի մեքենաս: Բժիշկներն էլ խորհուրդ տվեցին ձեռնափայտ վերցնել»: Շաբաթվա բոլոր օրերին նա աշխատում է. «Երբ ուզում, գալիս եմ: Շաբաթ-կիրակի չունեմ: Բայց եթե անձրեւ է գալիս կամ ցուրտ է լինում, չեմ գալիս»: «Մեծ ու փոքր, տղամարդ, կին կշռվում են: Լինում է, երբ դժգոհում են կշեռքից` ասելով, որ շատ է կշռում: Մարդիկ էլ կան, որոնք շաբաթվա մեջ երկու անգամ են կշռվում»,-իր առօրյան այսպես ներկայացրեց Լեւոն պապիկը:
ԱՅԳՈՒ ՊԱՊԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ