ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՎԵՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ում միանշանակ չի ընդունվել ԼՂՀ նախագահի ընտրություններում Բակո Սահակյանին սատարելու վերաբերյալ հայտարարությունը: Դեռ ավելին, տեսակետ կա, որ ՀՅԴ շարքերն իրականում չեն ենթարկվում այս որոշմանն ու ներքին կարգով սատարում են Վիտալի Բալասանյանին: «Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ Արցախի դաշնակցականները միանշանակ չեն ընդունել Բակո Սահակյանին ԼՂՀ նախագահական ընտրություններում սատարելու վերաբերյալ հայտարարությունը:
-Ես առիթ ունեցել եմ ասելու, որ լրատվամիջոցներում հայտնված այդ լուրերն ապատեղեկատվություն են, սադրանքներ: ՀՅԴ որոշումը գոնե այս պահի դրությամբ շարքային կամ կազմակերպական կառույցներում որեւէ առարկության չի ենթարկվել:
-Այսինքն՝ ՀՅԴ-ում բոլորը միահամուռ պաշտպանելու են Բակո Սահակյանի՞ն:
-Կա որոշումը կայացնելու եւ դա իրացնելու շատ պարզ մեխանիզմ. երբ կայացված է որոշումը, շարքերը միահամուռ հետեւելու են դրան:
-ՀՀ-ում ՀՅԴ-ն ընդդիմություն է, իսկ ԼՂՀ-ո՞ւմ:
-Հայաստանի եւ Արցախի կառույցները տարբեր կազմակերպական հարթության մեջ են գործում: Ապակենտրոն սկզբունքի հիման վրա Արցախի եւ Հայաստանի ՀՅԴ կառույցները երբեք նույն հարթակում չեն գործել: Երբ 1994թ. ՀՀ-ում կասեցվեց ՀՅԴ-ն, Արցախում այն իշխանության հետ համագործակցում էր, հատկապես՝ հետպատերազմյան տարիներին: 2004-2005թթ. Արցախի ՀՅԴ-ն ընդդիմություն էր, իսկ Հայաստանում ՀՅԴ-ն մաս էր կազմում իշխող կոալիցիային: Այստեղ արտառոց ոչինչ չկա: 2007թ. ՀՅԴ-ն պաշտպանել է Արցախի նախագահին, համագործակցում է իշխանությունների հետ: Այնպես որ, այսօր չկա որեւէ հիմք կամ նախադրյալ՝ ընդդիմադիր դաշտում հայտնվելու համար:
-Իսկ ՀՅԴ-ին բավարարո՞ւմ են Արցախի նախագահի քայլերը՝ ԼՂ խնդրի լուծման համատեքստում: Նա անո՞ւմ է բավարար քայլեր թեկուզ ԼՂ-ի՝ բանակցային սեղան վերադառնալու համար:
-Ոչ միայն Բակո Սահակյանի, այլեւ ԼՂ հիմնահարցում Ղարաբաղի դերակատարության առումով որոշակի բացեր կան: Եւ այդ իսկ առումով Արցախի իշխանությունները փորձել են իրենց ձայները ոչ միայն լսելի դարձնել, այլեւ լիարժեք կողմ դառնալու քայլեր ձեռնարկել: Ու եթե այդ քայլերը հաջողված չեն, չի կարելի միանշանակ Արցախի իշխանությունների վրա բարդել:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս