ՎՏԲ ԲԱՆԿԸ ՇՈՐԹԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի բնակչուհի Սուսաննա Նավասարդյանը մեղադրում է ՎՏԲ բանկին իր անվամբ ներդրված ավանդի յուրացման մեջ: Ըստ կնոջ՝ ՎՏԲ բանկի Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Մելիքսեթ Խաչատրյանն այդ գումարն անձամբ է շորթել:
«Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում՝ «Լոտոն կտրեց նպաստը» վերտառությամբ հոդվածում, գրել էր, թե ինչպես Սուսաննա Նավասարդյանը «Մեգա» լոտոյով շահած մոտ 11 մլն դրամից 6 մլն-ն 1 տարի ժամկետով ավանդ էր դրել ՎՏԲ բանկի Արմավիրի մասնաճյուղում: Կնոջ վկայությամբ՝ ինքը 2 մլն դրամը, կենցաղային անհրաժեշտությունից դրդված, հանել է հաշվից: Երբ լրացել է ավանդի ժամկետը, գնացել է՝ մնացած գումարը հանելու: Սակայն բանկի աշխատակիցը պատասխանել է, որ Նավասարդյանի անունով իրենց բանկում այլեւս ավանդ պահ տրված չէ, քանի որ կինն այն վաղուց ստացել է: Կնոջը հազիվ են ուշքի բերել. անակնկալ պատասխանից վերջինս վատացել է:
Պատմության հետքերով գնացինք Արմավիր: Զրուցեցինք ՎՏԲ բանկի տեղի մասնաճյուղի կառավարիչ Մելիքսեթ Խաչատրյանի հետ: Վերջինս պնդեց, որ նման բան իր բանկում հնարավոր չէ, եւ տիկին Սուսաննան զրպարտում է իրեն: Եւ ի ապացույց ասվածի՝ Ս. Նավասարդյանի գրավոր դիմումի համաձայն՝ խմբագրությանը տրամադրեց վերջինիս բանկային ավանդի գործարքների պատճենը՝ փաստելով, որ արդեն որերորդ անգամ «ինքը ստիպված է լինում բացատրել, թղթեր տրամադրել նրան. «Ամեն անգամ գալիս է, պահանջներ է ներկայացնում, բացատրում եմ, որ ինքն իր գումարը վաղուց բանկից հանել է, չի հասկանում»:
Զրույցին ներկա գտնվող 67-ամյա Սուսաննան էլ հակառակն էր ասում՝ երեխաների ու ամուսնու հիշատակով երդվելով, որ ինքն այդ գումարը բանկից չի հանել: «Մելո՛ ջան, ես հո գի՞ժ չեմ, որ գումարը հանեմ, նորից հետեւից գամ»: «Գուցե մոռացե՞լ ես»,-հարցին հարցով է պատասխանում կառավարիչը: Նրանց վեճից «Ժողովուրդ»-ը որոշ բացահայտումներ արեց գործի առթիվ: Փաստորեն, ՎՏԲ-ն Ս. Նավասարդյանի վստահելի բանկն էր, որի միջոցով նա կատարել է ֆինանսական գործարքները, գումարներ է փոխանցել Ռուսաստանում ապրող որդուն, ստացել է կենսաթոշակ, վճարումներ է կատարել: Բացի ավանդատու ու կառավարիչ հարաբերությունից, Սուսաննան ու Խաչատրյանը նաեւ ընտանեկան մտերմություն էլ ունեն: Պարզվում է՝ կառավարիչը շատ լավ է ճանաչում  նրանց ընտանիքին, անձամբ Սուսաննային, քանի որ վերջինիս ամուսինը Խաչատրյանի մոտ երկար տարիներ վարորդ է աշխատել:
«Ես կնոջ վարքագիծը չեմ հասկանում, նա իր խելքով չի շարժվում, նրան ուղղորդում են: Ես այս գործում արդար եմ, հավատացե՛ք: Ինձ հրավիրել են 6-րդ վարչություն, ներկայացրել եմ փաստաթղթերը, տվել սպառիչ պատասխան: Իսկ կնոջը հուշել եմ գնալ կենտրոնական գրասենյակ եւ պահանջել բանկի արխիվացված տեսաժապավենները: Եթե պարզվի, որ բանկը մեղավոր է, դրա համար մենք պատասխանատվություն կկրենք»,-ասաց Մ. Խաչատրյանը:
Ս. Նավասարդյանն էլ նշեց, որ ստացել է ԿՀԴՊ-ԳՎ գրավոր պատասխանը, սակայն տեսաերիզը ՎՏԲ բանկի կենտրոնական գրասենյակում չեն տրամադրել՝  պատճառաբանելով, թե անցել է մեկ տարի, դրանք տալ արդեն հնարավոր չէ: «Ժողովուրդ»-ը սկսել է իր սեփական հետաքննությունը, որի արդյունքները կներկայացնենք առաջիկայում:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս