Աշխատանքային խորհրդակցություն՝ Կոտայքի մարզպետարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզի ՋՕԸ-ների ղեկավարներ:
Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլում մարզի ջրօգտագործողներին ոռոգման ջրի մատակարարման գործընթացի կազմակերպման ուղղությունները:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում այս ոլորտում իրականացված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առկա հիմնախնդիրները:

Մարզի տարածքում գործող ՋՕԸ-ների ղեկավարները տեղեկատվություն են ներկայացրել գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում իրենց կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ են կատարել ներկայումս ջրանցքների և ջրատարների մաքրման աշխատանքների ընթացքին:
ՋՕԸ-ների ղեկավարները ներկայացրել են նաև նախորդ տարվա ընթացքում մատակարարված ջրի դիմաց իրականացված գանձումների գործընթացի հիմնական ցուցանիշները:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` կարևորել է համայնքների և ՋՕԸ-ների համագործակցված աշխատանքը, որի արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել ոռոգման շրջանը և նպաստել գարնան գյուղատնտեսական աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Կոտայքի մարզպետը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարել է համակողմանի վերլուծության ենթարկել ոռոգման ջրի մատակարարման ասպարեզում առկա բոլոր հիմնահարցերը, մշակել ամփոփ տեղեկատվություն և ՋՕԸ-ների ու համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակել մարզում ոռոգման ջրամատակարարումն արդյունավետորեն կազմակերպելու ծրագրային մոտեցումներ:




Լրահոս