ՀԱՆՈՒՆ ՈՐԴՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը դեռ 2007թ. քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 1500 քմ տարածքը 99 տարի ժամկետով վարձակալությամբ տվել է իր որդուն՝ Նաիրի Ներսիսյանին: Ավելին, քաղաքային զբոսայգու լճակի շրջակա այդ տարածքի համար էլ տարեկան վարձավճար էր սահմանվել չնչին գումար՝ 45 հազար դրամ: Չբավարարվելով այդքանով՝ 2007թ. հուլիսի 18-ին Իջեւանի ավագանին Վ. Ներսիսյանի առաջարկով համայնքի բյուջեից 9 մլն դրամ է հատկացրել քաղաքային զբոսայգու լճակի եւ հարակից տարածքի բարեկարգման համար: Ավագանու որոշման մեջ նշված է, որ «ՍԻ-ԷՅՉ-ԷՖ ինտերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ նախատեսվում է իրականացնել  քաղաքային զբոսայգու լճակի եւ շրջակայքի փուլային բարեկարգման ծրագիր, եւ քաղաքապետի առաջարկությամբ այդ  ծրագրում ներդրում  է կատարվել: Համայնքի բյուջեից 4 միլիոն դրամ տրամադրվել է լճակի վերանորոգման, 5 մլն դրամ՝ լճակի շրջակայքի բարեկարգման համար:
Այլ կերպ ասած՝ Վ. Ներսիսյանը համայնքային բյուջեն ծառայեցրել է իր սիրելի որդու բիզնեսի «գեղազարդման» համար: Սա այլ կերպ, քան կոռուպցիայի դասական օրինակ, դժվար է անվանել: Միայն թե այս քաջագործությունները պարզվել են քաղաքապետի պաշտոնանկությունից հետո: Պատահաբար չէ, որ 2011թ. դեկտեմբերի 22-ին, երբ ՏԻՄ ընտրություններում պարտված Վ. Ներսիսյանի լիազորությունների ժամկետը լրացել էր, նախկին քաղաքապետը համառորեն չէր ազատում աշխատասենյակը: Ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Վ. Ներսիսյանն այդ օրն էր որոշել իր որդուն քաղաքապետարանի տված տարածքը նոտարական գրանցման ենթարկել:
Իմանալով այդ մասին՝ Իջեւանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը դեկտեմբերի 22-ի առավոտյան միանգամից գրավոր դիմում է ուղարկել անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում՝ հայտնելով, որ նախկին քաղաքապետի լիազորությունների ժամկետը լրացել է, եւ նրա որոշումների հիման վրա կադաստրային ձեւակերպումներ չպետք է արվեն: Կադաստրի ստորաբաժանումը մերժել է վերոհիշյալ  տարածքի վարձակալության իրավունքը գրանցել: Բայց ահա դրանից հետո Նաիրի Ներսիսյանը որոշել է դատական հայց ներկայացնել քաղաքապետի դեմ. նա դիմել է ՀՀ վարչական դատարան, դատը դեռ չի կայացել:
Ուշագրավ է, որ քաղաքապետարանը 9 միլիոն դրամ է ծախսել զբոսայգու լճակի եւ շրջակայքի բարեկարգման համար, սակայն Ն. Ներսիսյանի հետ Վ. Ներսիսյանի կնքած պայմանագրում 1500 քմ  տարածքի վարձավճարը  նույնն է մնացել` ընդամենը 45 հազար դրամ: Ինչպես ասում են, կոռուպցիոն ռիսկերն ակնհայտ են: Միայն թե անհասկանալի է, թե ինչու են այս կապակցությամբ լռում իրավապահները, մանավանդ որ նախկին քաղաքապետի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման տարրեր են նկատվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս