ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՕԳՏԱՏԵՐԸ
«Ամերիկուհի Ֆլորենց Դեթլորը, որը 101 տարեկան է, գրանցվել է facebook սոցիալական ցանցում` դառնալով ամենատարեց օգտատերը: Դեթլորը նաեւ ամենատարեց մարդն է, որն այցելել է facebook-ի գրասենյակ եւ հանդիպել նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ»,-գրում է Vesti.ru-ն: Ֆլորենցը կայքում գրանցվել է 3 տարի առաջ` 2009-ի օգոստոսին: Սակայն նա բացառություն չէ: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, սոցցանցերի օգտատերերի 22%-ը հիսունն անց մարդիկ են, իսկ նրանց մեծ մասը` 72%-ը, սոցցանցերից հենց facebook-ն է նախընտրում:
ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ
Գերմանացի սակրավորները Մյունխենի կենտրոնում պայթեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների 250-կիլոգրամանոց ավիառումբ: Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ռումբի վնասազերծման օպերացիան բարեհաջող է անցել՝ չնայած պայթյունի ժամանակ շիկացած բեկորները մոտակա շինություններում հրդեհների պատճառ են դարձել: Բնակիչներին նախապես տարհանել էին: Ռումբը հայտնաբերվել էր Շվաբինգ շրջանում օգոստոսի 27-ին՝ շինաշխատանքների ժամանակ: Ամերիկյան արտադրության ռումբն ունեցել է դանդաղ ներգործման քիմիական պայթուցիչ, որը բավական դժվարացրել է վնասազերծման աշխատանքները: Ռումբը պատել են պայթուցիկներով ու պայթեցրել:
ՑԱՏԿԵԼ Է
Երկրորդ համաշխարհային պատերազմի 90-ամյա հաշմանդամը ցատկել է անկարգելով (պարաշյուտով)՝ աշխարհում դառնալով առաջին մարդը, որը հաղթահարել է 3600 մ բարձրությունը` ունենալով մեկ ոտք: Նա 5 տարի պատրաստվել է այս թռիչքին: Վետերանը նույնիսկ ինքնաթիռում կատակել է՝ ասելով, որ նա միայն երկրում է հաշմանդամ, իսկ երկնքում` թռչուն է: Այս մասին գրում է TB-GID-ը: Թռիչքը տեւել է ընդամենը 5 րոպե: