ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ բուհի ռեկտոր է դարձել հայուհի՝ Մարի Ա. Փափազյանը: Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նոր ռեկտորի երդմնակալության արարողությունը, որի շրջանակներում կներկայացվեն Հայաստանից 13 արվեստագետների գեղանկարներ ու քանդակներ: Նախքան այս պաշտոնը ստանձնելը Մարի Ա. Փափազյանը եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը: 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ ու երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակն է:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ՝ ԴԵՍՊԱՆ
Հնդիկ նշանավոր դերասանուհի Այշվարիա Ռայը դարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Նա ընտրվել է ՄԱԿ-ի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրի ներկայացուցիչ եւ կօգնի ՄԱԿ-ին բարձրացնել իրազեկումն այնպիսի կարեւոր խնդիրների մասին, ինչպիսիք երեխաների մոտ ՄԻԱՎ վարակների կանխարգելումն է եւ հակառետրովիրուսային բուժման հասանելիության ընդլայնումը: Այս մասին հաղորդում է ՄԱԿ ռադիոն: Ա. Ռայը 1994-ին ճանաչվել է «Միսս աշխարհ»: Մինչեւ հիմա տարբեր հարցումների արդյունքում նա բազմիցս համարվել է Հնդկաստանի, Ասիայի եւ ողջ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը:
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Closer-ի գլխավոր խմբագիրը սպառնալիքներով 300 նամակ է ստացել մերկ հերցոգուհու լուսանկարները հրապարակելու համար: Սկանդալային ամսագրի խմբագիր, լրագրող Լորանս Պիոն դիմել է իրավապահ մարմիններին՝ լրջորեն վախենալով իր կյանքի համար. նամակներից մեկում անհայտ անձը երդվել է, որ չի հանգստանա, մինչեւ չսպանի նրան: Ամենաագրեսիվ 14 նամակներն այժմ ոստիկանությունը քննում է, որպեսզի դրանից հետո որոշում կայացվի՝ Պիոյին պաշտպանություն տրամադրի, թե ոչ: Թագավորական զույգը լուսանկարների հետագա հրապարակումն արգելող որոշում կարողացավ ստանալ դատարանի միջոցով:
ՂԵԿԱՎԱՐՎՈՂ ՊՈՉ
Ճապոնական Neurowear ընկերությունը ներկայացրել է մարդկային էմոցիաներով ղեկավարվող պոչ, որն ամրացվում է մարդու գոտկատեղին: Պոչի մեջ ներկառուցված սենսորները որոշում են սեփականատիրոջ տրամադրությունը՝ չափելով ուղեղի ակտիվությունն ու սրտխփոցի հաճախականությունը: Պոչը սենսորներից տվյալները ստանում է Bluetooth-ի միջոցով: Եթե մարդն ուրախանում է կամ հիացմունք ապրում, ապա պոչը շարժվում է դանդաղ կամ անշարժ է մնում, իսկ երբ պոչի տերը վախենում է կամ հուզվում, ապա կիբերնետիկ սարքը սկսում է ակտիվորեն շարժվել: Պոչը շուկայում կհայտնվի այս տարվա վերջին: