ՄԻՊ. Կենսաթոշակ ստանալն արդեն ավելի մատչելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրենսդրական դաշտում տեղի ունեցավ եւս մեկ հստակեցում, որն էականորեն կօժանդակի թոշակառուներին։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը ընդունեց օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, ըստ որի կենսաթոշակ ստանալու համար այլեւս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, եւ բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ եւ հայտարարություն տալ ողջ լինելու մասին։ Ըստ ՍԴ-ի ընդունած որոշման կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլեւս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի  ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաեւ՝ դիմելով իր փաստացի բնակության երկրի  համապատասխան նոտարական գրասենյակին: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաեւ օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը եւ պարտադիր չէ Հայաստանի Հանրապետություն տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:
Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր արձագանքները` նշենք, որ Պաշտպանը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան ոչ միայն նորմերը հակասահմանադրական ճանաչելու, այլ նաեւ նորմերի կիրառման վերաբերյալ իրավական դիրքորոշում ստանալու համար: ՀՀ Սահմանադրական դատարանը տվյալ գործով հերթական անգամ ընդունել է Պաշտպանի իրավական դիրքորոշումները, որի արդյունքում հետագայում կբացառվի “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների ոչ իրավաչափ կիրառումը:




Լրահոս