«Գագիկ Ծառուկյանն ինձ շատ է սիրում: Մի անգամ նա ինձ տեսավ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ու տվեց 100 դոլար: Այդ փողը պահեցի ու իմ ամենասիրելի երազանքներից մեկն իրականացրի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց 16-ամյա Հայկ Հարությունյանը, որին հանդիպեցինք Տիգրան Մեծի պողոտայում սրբապատկերներ վաճառելիս:
Հայկի հայրը բաժանվել է մորից, եւ այսօր ընտանիքի հոգսերն ամբողջությամբ հոգում է նրա մայրը. «Մայրս մաքրություն է անում խանութներում եւ տարբեր մարդկանց առանձնատներում: Շատ եմ ուզում աշխատել, բայց անչափահաս եմ, եւ ինձ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում: Դրա համար էլ մի քանի լավ ընկերների հետ միասին փողոցում 50-100 դրամով սրբապատկերներ եմ վաճառում»: Հայկի պատմելով` իրենից բացի, նա ունի մի քույր, որը դպրոցում է սովորում: Թեեւ Հայկն էլ է դեռ դպրոցական, բայց ի տարբերություն իր հասակակիցների՝ նա դասերից հետո շտապում է փողոց` օգնելու մորը օրվա հացի գումար հայթայթելու հարցում. «Աշխատում եմ 5000-7000 դրամ ու չեմ էլ դժգոհում, կարողանում եմ ինչ-որ բանով մայրիկիս օգնել, քանի որ խիղճս շատ է տանջում, երբ տեսնում եմ` մայրս ամեն ինչ անում է, որ մենք սոված չմնանք»:
Ներկայում Հայկի խնդիրը ոստիկանությունն է: «Դե բռնում տանում են քաղմաս, անչափահաս եմ, ու չեն թողնում՝ այս գործով զբաղվեմ, ես էլ իրենցից փախած եմ ման գալիս: Որ տենան, հաստատ կտանեն, չեմ ուզենա ընկնեմ ոստիկանություն»,-վախվորած ասաց Հայկը: Նրա ներկայացմամբ՝ հարազատներից ոչ ոք չգիտի իր այս գործի մասին, եւ նա էլ չի ցանկանա, որ իր մայրն ու քույրն իմանան այդ մասին:
Մեզ հետ զրույցում Հայկը պատմեց, որ իր միակ երազանքն իրականացել է, ինչի համար ինքն իրեն համարում է երջանիկ մարդ:
«Երազում էի գնալ Դուբայ, քեռիս հարուստ մարդ է ու ինձ փող տվեց: Ես էլ Գագիկ Ծառուկյանին մի անգամ հանդիպեցի փողոցում, ու նա ինձ 100 դոլար տվեց: Այդ փողերը միացրի իրար ու մի շաբաթով գնացի Դուբայ` իմ սիրելի աղջկան տեսնելու»,-հիացմունքով պատմեց տղան` հավելելով, որ այժմ իր եւ մորեղբոր հարաբերությունները լավ չեն, եւ ինքն ու իր ընտանիքը հրաժարվում են հարազատ քեռու օգնությունից:
Հայկը նաեւ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներից, որ օգնում են իրեն եւ գնում սրբապատկերները: Նա նաեւ նշեց, որ իր աշխատանքային ժամը սկսվում է դպրոցի դասերը ավարտելուց հետո եւ վերջանում երեկոյան ժամը 11-ին: «Երեկոյան ժամերին մարդիկ շատ են քաղաքում, եւ այդ ժամերին ավելի շատ եմ աշխատում, քան ցերեկը: Ինձնից սրբապատկերներ հիմնականում գնում են երիտասարդ աղջիկները, երեւի սիրուն տղա եմ, դրա համար»,-ծիծաղելով ասաց մեր զրուցակիցը` շարունակելով իր «աշխատանքը»:
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՍԻՐԵԼԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ