ԱԹՈՌԻ ՇՈՒՐՋ
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի` Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում ունեցած խնդիրներից հետո լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա, հնարավոր է, հրաժարվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ըստ «Սլաք»-ի աղբյուրների՝ այդ պաշտոնում տեղավորվելու հավակնություններ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Իսկապե՞ս աչք ունեք Այվազյանի աթոռի վրա: «Ժողովուրդ»-ի այս հարցին Վահե Հակոբյանը պատասխանեց. «Սկզբում, երբ ասացին, մտածեցի՝ կատակ է: Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ լուրերը, դա ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն է: Վ. Այվազյանն իմ կուսակիցն է, եւ ես նման հավակնություններ չունեմ»: Ըստ Հակոբյանի՝ ինքը շատ նպատակներ ունի, բայց ոչ այդ դաշտում:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
«Ինձ չեն ձերբակալել, ու ընդդեմ ինձ հարուցված գործ չկա»,-«Սլաք»-ին հավաստիացրել է նախօրեին ոստիկանական բաժին բերման ենթարկված երգչուհի Լիլուն: Ըստ նրա՝ ինքը ոչ մի խնդիր չունի ոստիկանության հետ, ու հոկտեմբերի 21-լույս 22-ի գիշերը տեղի ունեցած դեպքերն արդեն մոռացված են: Իսկ ավելի վաղ երգչուհին ասել էր. «Ընկերներով էինք, մի քիչ գինովցած, ու իրավապահ մարմինների հետ վիճաբանություն ծագեց, բայց որեւէ ոստիկանի հետ կոպիտ խոսելու,վիրավորելու միտք չեմ ունեցել: Եթե անգամ վիրավորել եմ, ուրեմն ներողություն եմ խնդրում»:
ԹՈՒՆԵԼԻ ՄՈՏ
Ինչպես տեղեկացնում է ՃՈ-ն՝ 2012թ. հոկտեմբերի 26-ից Դիլիջանի թունելի հարակից տարածքում երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարք է տեղադրվել: Այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:
ՊՈՒՏԻՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է
Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել լարված հեռախոսազրույց, որի ընթացքում Էրդողանն ուղղակի անջատել է հեռախոսը: Պուտինն ասել է. «Եթե նույնիսկ մեկ զինվոր Սիրիա մտնի, կընկալենք, որ նրանք մտել են Մոսկվա»: Էրդողանն էլ պատասխանել է. «Դա սպառնալիք է, չենք կարող ընդունել»: Դրան հետեւել է Պուտինը արձագանքը. «Ինչպես ուզում եք, այնպես էլ ընդունեք», ինչից հետո Էրդողանն անջատել է հեռախոսը: Իսկ պաղեստինյան մամուլի հավաստմամբ՝ խոսակցությունն ընդհատել է ոչ թե Էրդողանը, այլ Պուտինը: Հիշեցնենք, որ դրանից հետո Պուտինը չեղյալ է հայտարարել Թուրքիա կատարելիք իր այցը, բացի այդ, տեղի է ունեցել ռուսական ինքնաթիռի հարկադիր վայրէջքի միջադեպը:
ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է
ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին, հանդես է եկել ուշագրավ նախաձեռնությամբ: «Երկրի» տեղեկացմամբ` նա ԱԺ բոլոր խմբակցություններին նամակով հայտնել է, որ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպվելու են սեղանի թենիսի, բասկետբոլի եւ շախմատի մրցաշարեր: Նաեւ տեղեկացրել է, որ ԱԺ-ում ձեւավորվում է ֆուտբոլային թիմ: Միայն թե ափսոս, որ երիտասարդ Դումանյանը փոքր-ինչ ուշացել է իր նախաձեռնությամբ, քանի որ ՀՀ ֆուտբոլային դիվանագիտությունն արդեն ձախողվել է: