Բաքվի խաղերն ուղղակի լավ փաթեթավորված շոու են. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվումընթացող Եվրոպական խաղերն ավելի բացահայտ ցույց տվեցին Ադրբեջան պետության իրական դեմքը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք այս ընթացքում տեսանք, թե այդ երկրում որքան խնդիրներ կան՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման հետ: Եթե դուք յուրաքանչյուր օր միջազգային մամուլի տեսություն անեք, թե ինչ են գրում այդ պետության մասին, թե ինչ բռնություններ են տեղի ունենում այդ երկրում, մարդու իրավունքների խախտումներ են լինում, կտեսնեք այդ երկրի իրական դեմքը»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ այդ խաղերն ուղղակի լավ փաթեթավորված շոու են, որը ցույց է տալիս, որ կա երկու Ադրբեջան: «Մեկն այն մարզդաշտն է, որտեղ ամեն ինչ լավ է, ամեն ինչ շքեղ է, բոլորի դեմքներին ժպիտներ կան, իսկ մյուսն իրական բռնապետական Ադրբեջանն է, որտեղ մարդու իրավունքների պարբերական խախտումներ են լինում: Դա ինձ հիշեցնում է շատ ավտորիտար երկրներ, որտեղ բռնատիրական կարգեր են, սակայն ժողովուրդը ստիպված ժպիտով ման է գալիս և գոռում է` կեցցե այս կամ այն առաջնորդը»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի խոսքով՝ Բաքվի եվրոպական խաղերը աշխարհին ևս մեկ անգամ հնարավորություն տվեցին տեսնել իրական Ադրբեջանը, որը բռնատիրական է, որն ավտորիտար է և որն իրականում որևէ աղերս չունի ժողովրդավարական երկրի հետ, իսկ Ադրբեջանի կողքին զարգանում է ժողովրդավարական երկիր, որի անունն է Արցախի Հանրապետություն:




Լրահոս