Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ:
«Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ լինի, թե համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարները ինչպիսի արդյունավետությամբ են տնօրինվել: Ընդ որում, սա պետք է լինի ոչ թե մեկանգամյա ստուգում, այլ պետք է դառնա աշխատակարգ ու այսուհետ յուրաքանչյուր ամիս ներկայացվեն կատարված աշխատանքների մասով համապատասխան հաշվետվությունները, որոնց համապատասխանությունը ևս պետք է մշտապես ստուգվի:
Այստեղ լուրջ անելիք ունեն նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը, քանզի հենց նրանց է տրված այդ մասով վերահսկելու ուղիղ լիազորությունները: Ուրեմն բարի եղեք լիարժեք կիրառել ձեր լիազորություններն ու կարգի բերեք դաշտը: Բոլոր այն համատիրությունները, որոնք պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ այս հարցում ակնկալում է համակողմանի խիստ ստուգումների անցկացում և թերացողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլերի ձեռնարկում: