Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացի ժամանակագրության մեջ իր ուրույն տեղն ունի 1988 թվականի հուլիսի 12-ը: Հենց այդ օրը ժողպատգամավորների ԼՂ Ինքնավար մարզի խորհուրդը, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, որոշեց հոչակել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալու որոշումը:
«… արտահայտելով Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնության պետական կամքը և ելնելով մեր միասնական միութենական բազմազգ պետության ազգային պետական կառուցվածքի հիմքում ընկած ազատ ինքնորոշման ազգերի իրավունքի մասին լենինյան սկզբունքը հետևողականորեն իրականացնելու անհրաժեշտությունից, հոչակել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դուրս գալը»,- նշվում էր որոշման մեջ:
Այս որոշումը տարբերվում էր նույն թվականի փետրվարի 20-ի որոշումից, քանի որ, եթե փետրվարի 20-ի դեպքում մարզխորհուրդը խնդրում էր ԼՂԻՄ-ը միացնել Խորհրդային Հայաստանին, ապա երկրորդ` հուլիսի 12-ի որոշումով սահմանվում էր մարզի` որպես ԽՍՀՄ իրավական սուբյեկտի ինքնորոշման իրավունքը: