ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին վերստին արժեզրկվում է: Արդյունքում հայաստանցի գործարարները, ովքեր արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում: Նշենք, որ վերջին շրջանում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով արտահանման ծավալները էականորեն նվազել են: Եվ հիմա արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս: Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա ռուբլու արժեզրկումը, այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ռուբլու արժեզրկման այս նոր ընթացքն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
-Նախորդ տարվա նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին արձանագրված փորձերից եւ տնտեսագիտական օրենքներից ելնելով՝ բնականաբար, ռուբլու արժեզրկումը բացասական ազդեցություն կունենա: Քանի որ դրանով Հայաստանի այն տնտեսվարողները, հատկապես այս շրջանում գյուղմթերք արտահանողները, ովքեր ինչ-որ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունեին ռուսական շուկայում իրենց ապրանքների իրացման հետ կապված, հիմա հայտնվել են բարդ իրավիճակում: Օրինակ՝ տասն օր առաջ արտահանում են իրականացրել եւ ինչ-որ գումարներ պետք է ստանային տասն օր առաջվա փոխարժեքի համապատասխան, հիմա լրիվ այլ պատկեր է: Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, ովքեր որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ:
-Եթե ռուբլու անկումը շարունակվի, ապա ի՞նչպիսի հետեւանքներ կարող են լինել:
-Եթե այսպես շարունակվի, դա նշանակում է նաեւ, որ մեծ ազդեցություն կունենա դեպի Հայաստան փոխանցվող գումարների վրա, որովհետեւ եթե այսօր էլ փոխանակման կետերում ուսումնասիրություններ կատարենք, ապա կտեսնենք, որ ռուբլին տեւական ժամանակ է, ինչ արժեզրկված է: Գումարները, որոնք մեկ ամիս առաջ էին փոխանցվել, այլ գնողունակություն ունեին, մոտ օրերս փոխանցվածները՝ այլ: Ինչքան որ ռուբլու փոխարժեքն է ընկած, այդքան էլ մարդկանց գնողունակությունն է ընկել: Այնպես որ, լավ բաներ չեն սպասվում:
-Պարո՛ն Խաչատրյան, այս դեպքում ՀՀ կենտրոնական բանկը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:
-Կենտրոնական բանկը որեւէ քայլ չի ձեռնարկել եւ չի էլ կարող: Այն պետք է ձեռնարկվեր ՀՀ Կառավարության եւ ԿԲ-ի կողմից, այն էլ ավելի վաղ՝ կես կամ մեկ տարի առաջ: Եթե իսկապես Հայաստանում ցանկություն կար խրախուսել արտահանումը, ապա պետք էր նախապես Հայաստանի արտարժույթի արժեզրկման հետ կապված քայլեր անել, ինչը որ արվեց Ռուսաստանում: Տվյալ դեպքում կարող է թվալ, որ Ռուսաստանում ամեն ինչ վատ է, իհարկե, առանձին դեպքերում վատ է, բայց ապագայի առումով այս դեպքում ռուբլու արժեզրկումը ձեռնտու է Ռուսաստանի հատկապես տնտեսվարողների համար: Այն ներքին տնտեսության համար մեծ խթան է հանդիսանալու: Մի բան, ինչը որ Հայաստանի իշխանությունները չեն անում. չգիտեմ թե ինչու, գուցե հնարավորություն չունեն, բայց բոլոր բացատրություններն էլ ընդունելի չեն, որովհետեւ եթե այսօր էլ ոչինչ չձեռնարկեն, ապա վաղն ավելի վատ կլինի:
-Իսկ ի՞նչ է սպասվում տեղական արտադրողներին:
-Հիմա մթերման սեզոնն է: Եւ հատկապես գինու եւ սպիրտի արտադրության հետ կապված ընկերությունները կհայտնվեն բարդ իրավիճակում, որովհետեւ նրանց հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանում: Հիմա հայտնի չէ, թե ինչ է ռուսական շուկային սպասվում առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում: Մեր իշխանության անելիքները պետք է լինեին դեռեւս երեկ: Գործող Կառավարությունը նպատակ պետք է ունենար խրախուսել ներքին արտադրությունը, արտահանումը, որը չի արվել: Մենք մշտապես այդ իրավիճակում ենք հայտնվելու, քանի դեռ այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն որոշված չէ:
Ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Թամարա ֆրութ» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ռուսական ռուբլու արժեզրկման հետեւանքով Ձեր ընկերությունը ռուսական շուկայի հետ կապված ի՞նչ խնդիրների է բախվում:
-Ռուսական շուկայում վերջերս ապրանքը սկսել ենք ավելի դժվարությամբ իրացնել: Նույն խնդիրն է ստեղծվել, ինչ նախորդ տարի: Իրացման ծավալները սկսել են նվազել:
-Եթե այսպես շարունակվի, հնարավո՞ր է՝ դադարեցնեք ընկերության արտադրանքի արտահանումը դեպի Ռուսաստանի Դաշնություն:
-Ճիշտ է՝ վնասներ կկրենք, բայց, այնուամենայնիվ, պետք է շարունակենք աշխատել ռուսական շուկայի հետ՝ զբաղեցրած տեղը պահպանելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՀԽ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻՆ

Վերջին շրջանում «Հիմնադիր խորհրդարանը», որն ընդամենը ապրիլին խոստանում էր մի քանի օրում Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանի «ռեժիմից», կարծես թե որեւէ ինքնուրույն գործունեություն չի ծավալում եւ բավարարվում է ընդամենը այս կամ այն քաղաքացիական նախաձեռնության «կողքին կանգնելով»: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանի հետ «Հիմնադիր խորհրդարանի» ծրագրերի մասին:

-Պարո՛ն Ավետիսյան, «Հիմնադիր խորհրդարանն» այս պահին ինչո՞վ է զբաղված: Ի՞նչ ծրագրեր կան, թե՞ «թայմ աութ» եք վերցրել:
-Ո՛չ, «թայմ աութի» խնդիր չկա: Մենք այս պահին երկու ուղղությամբ աշխատում ենք. շարունակում ենք համակիրների ընդլայնման գործողությունը եւ փորձում ենք ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիայի համար քայլեր ձեռնարկել: Ունենք որոշակի արդյունքներ: Քննարկումներ, կոնսուլտացիաներ են լինելու` ընդհանուր ճակատ ձեւավորելու նպատակով:
-Իսկ ո՞ր քաղաքական ուժերի հետ եք այս պահին կոնսուլտացիաներ իրականացնում:
-Առայժմ դրանք զուտ աշխատանքային բնույթ են կրում, դրա համար պաշտոնական հայտարարություններով հանդես չենք գալիս: Արդյունքները դեռ վերջնական չեն, բայց կարող եմ ասել, որ մթնոլորտը բարենպաստ է, կառուցողական, եւ հույս ունենք որոշակի արդյունք ստանալու: Այս պահին ձեռնպահ կմնանք կոնկրետ անուններ տալուց:
-Վերջին շրջանում ՀԽ անդամներն ակտիվորեն մասնակցում են բոլոր բողոքի ակցիաներին: Կոնկրետ «Ոտքի՛, Հայաստան» շարժման պայքարի մասին ի՞նչ կասեք: Ըստ Ձեզ` արդյունքի կհասնե՞ն:
-Մենք բոլոր նախաձեռնություններին հնարավորինս փորձում ենք աջակցություն ցույց տալ: Մենք, առհասարակ, միշտ ասել ենք, որ թիրախային պայքարները պետք է օգտագործել ռեսուրս կուտակելու եւ հիմնական նպատակին հասնելու ու ռեժիմին հեռացնելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Բայց եթե դա ընդամենը ծառայում է թիրախային նպատակներին, ապա վերջնական արդյունքի չեն հասնի: Ինչ-որ փոքր արդյունքներ կլինեն: Իհարկե, բացառություններ լինում են, բայց հիմնականում այդպես է: Հիմա այս դեպքում ասել, թե արդյունք կլինի, դժվար է, որեւէ մեկը չի կարող կանխատեսում անել: Հարցի մասշտաբից ելնելով` կարծում եմ` ոչ, վերջնական արդյունք չի լինելու: Այս հարցերին պետք է գումարել մնացած բոլոր հարցերը, օրինակ` սահմանադրական փոփոխությունների հարցը եւ տանել միասնական ռեժիմի գերեզմանը փորելուն:
-«Հիմնադիր խորհրդարանը» եւս դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումները տապալելու նպատակով ստեղծված «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ համագործակցությունը:
-Այդ առիթը պետք է օգտագործվի կոնսոլիդացիա ստեղծելու, ժողովրդին մոբիլիզացնելու եւ ռեժիմին հեռացնելու համար, ոչ թե հավաքվենք, գնանք ոչ քվեարկենք: Մենք երիտասարդների հետ հանդիպում ունեցել ենք, շատ դրական մթնոլորտում քննարկում է տեղի ունեցել, հետաքրքիր էր երկուստեք: Բնականաբար, կշարունակվի գործընթացը, եւ դա նույնպես մենք դիտարկում ենք հավանական կոնսոլիդացիայի հնարավորություն:
-Իսկ «Հիմնադիր խորհրդարանը» ե՞րբ ավելի ակտիվ գործողություններ կսկսի:
-Երբ կոնսոլիդացիա լինի, երբ արդեն հասկանանք, որ պետք է անցնենք մյուս քայլերին: Ասել որեւէ կոնկրետ ժամանակացույց, չեմ կարող: Մոտ ապագայում, ոչ շատ հեռու ապագայում:

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ

Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահաջողակ գործարարների ցուցակը: Ցուցակը գլխավորել է մոլորակի ամենահարուստ մարդ՝ Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը 2015-ին գնահատվել է 79,6 մլդ. դոլար: Ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը: Նրա կարողությունը կազմել է 50 մլդ. ԱՄՆ դոլար: Forbes-ի ցուցակի 3-րդ տեղում է Ջեֆ Բեզոսն, ում պատկանում է Amazon ընկերության բաժնետոմսերի 90%-ը: Իր վարկանիշով չորրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը (41.2 մլրդ դոլար): Նշվածներից բացի՝ ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց տասնյակ է մտել Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը, Ջեկ Ման, Սթիվ Բալմերը, Լորեն Ջոբսը եւ Մայքլ Դելը:




Լրահոս