«ԱՆՏԱԿՏ, ԹՐԱՇՈՎ ԴԵՄՔԵՐ` ԷԿՐԱՆԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանը, ով ճանաչում ձեռք բերեց նաեւ սերիալների միջոցով, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հանդես է գալու նոր ֆիլմում, որտեղ կերտելու է ադրբեջանուհու կերպար: Դերասանուհին անդրադարձավ նաեւ հայկական թատրոնի եւ կինոյի ներկայիս բացերին եւ դրանց պատճառներին:

-Նարինե՛, «Վերջին ծաղրածուն» ներկայացման մեջ մարմնավորում եք խենթ ու խելառ, ուրիշներին ապրել ստիպող կերպարի: Որպես լավագույն երիտասարդ կին դերասան` այդ դերի համար անգամ արժանացաք «Արտավազդ» մրցանակի: Նման խելառ կերպարները մեր հասարակությանը չե՞ն պակասում:
-Կարծում եմ` պետք էլ չէ, որ բոլորն այդպիսին լինեն, մի քանիսի առկայությունն արդեն իսկ գույներ է հաղորդում մեր կյանքին: Այս ներկայացման մեջ ես գլխավոր դերում չեմ, սակայն իմ կերտած կերպարի միջոցով հանդիսատեսը հասկանում է գլխավոր հերոսին, ընկալում կյանքի հանդեպ նրա ունեցած սերը: Ծաղրածուն էլ կյանքն ընկալում է իմ տեսակի մարդու նման` ազատ, առանց կարծրատիպերի, կարելի է ասել` ծաղրածուն ինքն իրեն տեսնում է իմ կերպարի մեջ:
-Այսօր թատերագետները հաճախ քննադատություն են հնչեցնում առ այն, որ մեր թատրոնները ձեռքները չեն պահում համաշխարհային թատերական կյանքի զարկերակին, համաձա՞յն եք:
-Այո՛, համաշխարհային թատերարվեստը դարձել է սինթետիկ արվեստ, դիտում ես ներկայացում, որը ներառում է թատերարվեստի, երգարվեստի, պարարվեստի տարրեր, տեսնում ես ակրոբատիկ հնարքներ, համակարգչային գրաֆիկա. ողջ աշխարհում թատրոնը բոլորովին այլ մակարդակի վրա է: Իսկ մեր երկիրը շատ փոքր է, կուզենայի թեկուզ փորձի փոխանակման, մեր սահմաններից դուրս այլ մտածողությանը ծանոթանալու համար երկրից դուրս գայինք: Մեզ մոտ ֆինանսավորողներ չկան, մարդիկ դեռ չեն եկել այն գիտակցության, որ թատրոնն էլ պետք է լավ ֆինանսավորվի: Կարելի է էլի Չեխով, Դոստոեւսկի բեմադրել, բայց նոր, շքեղ շնչով, որ մատուցումն աչք շոյող լինի, չէ՞ որ մենք` 21-րդ դարի մարդիկ, արդեն «կլիպային մտածողություն» ունենք. երկար ձգվող անհրապույր տեսարանները մարդկանց հոգնեցնում են:
-Մի առիթով նշել եք, որ սերիալների ու ֆիլմերի արտադրությունը Հայաստանում փակուղում է: Ի՞նչ նկատի ունեք:
-Մարդիկ սերիալներում եւ ֆիլմերում պետք է տեսնեն լավ կյանք, սիրուն պատկերներ, բայց դրանք չկան: Մեկ-երկու սերիալ հաջողվեց այն պատճառով, որ դրանց վրա ծախսվեցին բավականաչափ գումարներ, լավ դերասաններ վարձեցին, լավ տեսարաններ ստացան: Իսկ այսօր այնպիսի տպավորություն է, որ ով մի քիչ շնորհք ունի, թեկուզ եթե գործի հետ կապ չունի, կարող է հայտնվել ասպարեզում, դե, նորմալ դերասանին երկու կոպեկ չես կարող տալ, թիմն էլ, որ հավաքվում է, օրինակ, սերիալներում, մեծ մասամբ պրոֆեսիոնալներից չէ բաղկացած: Նայում ես, թե ովքեր են նկարահանվում սերիալներում` անտակտ, թրաշով, թվում է, թե կողքի փողոցից եկել են, մի տեքստ են կարդացել ու խաղում են: Թող մարդիկ նկարահանվեն սերիալներում, գումար վաստակեն, ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում, որ իմ երեխաները նստեն, դիտեն այն մարդկանց, որոնք աղավաղում են կինոյի կամ սերիալի մասին իմ պատկերացումները, չեմ ուզում, որ նրանք դիտեն այդ աղբը:
-Դեռ վաղ տարիքում նկարահանվել եք Արմեն Ջիգարխանյանի հետ` «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմում: Գիտենք, որ դա համարում եք կարեւոր էջ Ձեր կարիերայի սկզբում: Հետագայում առիթներ ունեցա՞ք աշխատելու մեծ դերասանների հետ, այսօր նման խորհրդանիշների տեսնու՞մ եք:
-Բացի Ջիգարխանյանից` ես նույն խաղահրապարակում հայտնվեցի Նատալյա Անդրեյչենկոյի հետ, ով մանկությանս տարիներին եղել է դերասանուհու իմ իդեալը: Նման հեղինակություններն այսօր շատ են պակասել, այնուամենայնիվ, կան դերասաններ, որոնց հետ խաղալն ինձ համար պատիվ է, օրինակ` Հրաչյա Հարությունյանը, Արթուր Ութմազյանը, որոնք երբեւէ «չմանրացրեցին» իրենց արվեստը:
-Գեղարվեստական ֆիլմերում խաղալու նոր հրավերներ կա՞ն, Ձեզ նոր կերպարներում կտեսնե՞նք:
-Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանում է իր հերթական ֆիլմը: Ես այնտեղ հետաքրքիր կերպար եմ մարմնավորում, խաղում եմ ադրբեջանուհու դեր, հիմա ադրբեջաներեն եմ ուսումնասիրում: Ֆիլմում խաղում են նաեւ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սոս Ջանիբեկյանը: Կարծում եմ` այն հաջողություն կունենա: Նկարահանումներն օգոստոսին կավարտվեն: Սպասենք պրեմիերային:

 

 

 
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԱՐԱՄԵԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Երգիչ Արամեն հաջորդ տարի կտոնի հայաստանյան բեմում իր գործենության 10-ամյակը եւ այդ առիթով, ամենայն հավանականությամբ, հանդես կգա մենահամերգով: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց երգչի մենեջերը` Արտյոմ Հակոբյանը: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ Արամեի երկրպագուներին հուզող մի շարք հարցերի:

Մենեջերը տեղեկացրեց, որ Արամեն աշխատում է նոր երգերի ձայնագրությունների վրա եւ հավանաբար սեպտեմբերի երկրորդ հատվածում կներկայանա նոր տեսահոլովակով:
Երկրպագուներին հետաքրքրում է` արդյոք Արամեն կոորպորատիվ միջոցառումներին երգելու համար «թանկ վերցնող» երգիչ է. «Ով ուզում է Արամեին հրավիրել նմանատիպ միջոցառման, թող զանգահարի ինձ, ես կպատասխանեմ, սակայն այդ թեմայով հանրային պատասխան մի ակնկալեք»,-պատասխանեց Ա.Հակոբյանը:
Երկրպագուներն անհանգստացած են Արամեի ստեղծագործական կյանքի վերջին շրջադարձներով. նրանցից ոմանք պնդում են, թե երգիչն իր կարիերայի սկզբնական շրջանում բարձր էր պահում պրոֆեսիոնալ որակները, սակայն հետո նշաձողը բավական իջեցրեց. «Արամեն ի սկզբանե կատարել է տարբեր ժանրերի (էստրադային, ժողովրդական, քաղաքային ֆոլկլոր) ստեղծագործություններ: Նրա ստեղծագործական կյանքում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, պարզապես փոխվել է երաժշտական ձեւավորումը, գործիքավորման որակը եւ հարմարեցվել ժամանակի պահանջներին»,-պարզաբանեց մենեջերը:
Երգչի երկրպագուհիներից ոմանք դժգոհում են, որ ամուսնանալուց հետո Արամեն նվազեցրել է երկրպագուների հետ հանդիպումների քանակը, չի ներկայանում նաեւ հեռուստանախագծերի շրջանակում. «Գուցե հաղորդումներում ներգրավվելու առումով ակտիվությունը մի փոքր նվազել է. մենք հատուկ նստել-քննարկել ենք, որ հաղորդումներին նա շատ չմասնակցի, քանի որ դրանք մեծ մասամբ կրկնում են մեկը մյուսին: Բնական է, որ երկրպագուները ցանկանում են, որ հանդիպումներ հաճախակի կազմակերպվեն, սակայն համերգներից հետո երկրպագուների հետ շփումը եւս կարելի է համարել հանդիպումներ»,-նշեց Ա.Հակոբյանը:
Ընթերցողները հետաքրքրված են նաեւ Արամեի անձնական կյանքով, օրինակ` թե որտեղ է նա անցկացնում իր ամառային հանգիստը: «Վերջերս Սոչիում մասնակցելով համերգային ծրագրի՝ Արամեն կազմակերպել էր նաեւ իր հանգիստը, այսինքն` հանգիստը համատեղում է աշխատանքի հետ»,-նշեց մենեջերը եւ արձագանքելով երգչի ընտանիքի համալրման մասին հարցին` տեղեկացրեց, որ նման բան դեռեւս չի սպասվում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԵՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է
Մանկական «Նոր ալիք» հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Մերի Քոչարյանը Ղրիմում է եւ մասնակցում է մրցութային փորձերին: 12-ամյա երգչուհին պատրաստվում է օգոստոսի 11-13¬ն անցկացվող իրադարձությանը: Մերիի հայրը` Արթուր Քոչարյանը, Ղրիմից «Արմենպրես»¬ի հետ զրույցում տեղեկացրել է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: «Մերին երկու մրցութային օրերին էլ կատարելու է հայալեզու երգեր: Մեկը նրա նոր երգն է, մյուսը` «Հայաստանը դու ես» ստեղծագործությունը»,-նշել է երգչուհու հայրը: Բացի այդ՝ Մերին չի կրելու այն հագուստը, որը նրա համար կարել է դիզայներ Վահան Խաչատրյանը: Ավելի վաղ Մերի Քոչարյանի երաժշտական պրոդյուսեր, երգիչ Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրել էր, որ Մերիի համար նոր երգ են պատրաստել. նա եւ Մարտին Միրզոյանը ստեղծագործության հեղինակներն են: Իսկ երկրորդ օրը Մերին անգլալեզու ստեղծագործություններ պետք է կատարեր:

 

ՀԱՅ ԴԱՅԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Վերջերս լուրեր էին տարածվել, որ ամերիկյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը սիրավեպ է սկսել իր երեխաների դայակ Քրիստին Ուզունյանի հետ: Աֆլեքի կինը՝ Ջենիֆեր Գարները, տեղեկացել է, որ երեխաների դայակը հրապուրված է իր ամուսնով եւ աշխատանքից հեռացրել է նրան, բայց Քրիստինը շարունակել է շփվել Աֆլեքի հետ: Ինչպես US Magazine-ին տեղեկացրել է Գարներին մոտ կանգնած աղբյուրը՝ դերասանուհին բարկացել է, որ ամուսինը դեռ շարունակում է հանդիպել Ուզունյանի հետ եւ որոշել է ամուսնալուծվել:
«Ջենիֆերը բարկացած է, որ Աֆլեքը դեռ շարունակում է սիրահետել մեկին, որը նրանց բաժանման պատճառն է դարձել: Այժմ Ջենիֆերը ատում է Բենին»,- ասել է աղբյուրը:

 

ՔԵՐԻՆ ԱՍՏՂ ՈՒՆԵՑԱՎ
Օրերս իրականացել է հայտնի երգչուհի Մըրայա Քերիի երազանքը. նրա աստղը (թվով` 2556-րդը) հայտնվել է Հոլիվուդի փառքի ծառուղիում: Երգչուհին այս իրադարձությանը ներկայացել է իր երեխաների հետ: Աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ Epic Records-ի տնօրեն Էլ Էյ Ռեհդը, ռեժիսորներ Լի Դենիելսը, Բրեթ Ռաթները եւ ուրիշներ:
Նշենք, որ երգչուհին արժանացել է 5 «Գրեմիի», 18 անգամ գլխավորել է Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակը, իսկ նրա սկավառակները վաճառվել են 200 միլիոն օրինակով:




Լրահոս