«Մարզահամերգային համալիրը երբեք «Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲ»-ի կողմից չի դիտարկվել որպես բիզնես պրոյեկտ, և ամեն ինչ արվել է, որպեսզի համալիրը համապատասխանի այն նորմերին, որ ի սկզբանե դրված են եղել շենքի ստեղծման հիմքում: Իսկ այն, ինչ հիմա կատարվում է, ՓԲ-ի խնդիրը չի: Սա արդեն հասարակության խնդիրն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքի հարցին` ասաց կառույցի նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ ինքը որպես քաղաքացի դեմ է համալիրի տարածքում զվարճանքի կենտրոն ստեղծելուն, որովհետև դրանով կաղավաղվի այդ կառույցի նշանակությունն ու տեսքը:
Այնուհետև անդրադառնալով համալիրի սնանկացմանը` Գրիգորյանը նշեց, որ այն մեկ ամիս շահագործելու համար անհրաժեշտ է 100 հազ. ԱՄՆ դոլար, ինչն արդեն շահութաբեր չէ: «Մեր ժողովուրդը հնարավորություն չունի համերգներին այնքան գումար տա, որ համալիրի շահագործումը դառնա շահավետ: Միայն ֆոյեի լույսերը մի ժամում 1000 դոլարի ծախս են առաջացնում», -հավելեց նա:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու էին շահագործում, վերջինս պատասխանեց. «Հեղինակության և բարեգործության համար, որովհետև համալիրն իր իսկ նշանակությամբ շահագործելը բարեգործություն է»:
Համալիրի նախկին մամուլի խոսնակի խոսքով` ՓԲ-ն իր իրավունքները պաշտպանելու է բացառապես իրավական ճանապարհով: Նա նշեց. որ համալիրի իրական գինն ավելին է, քան 30 մլն ԱՄՆ դոլարը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվում է «Նտաա ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին: