ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐՐՈՐԴ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքներին եւ նշեց, որ դրա վերաբերյալ օրերս երկկողմ պայմանագիր է ստորագրվել, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին: «Իրանը Հայաստանի համար հուսալի եւ կարեւոր երկիր է, իսկ մեր ժողովուրդները դարերի պատմություն ունեն: Ես լիահույս եմ, որ նոր ճանապարհներ են ուրվագծվել տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար, եւ մենք ջանք չենք խնայելու այդ ուղղությամբ»,- ընդգծեց նա:
Արդեն Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրին` տեղեկացնելով, որ այս հարցն իրենց ամենօրյա աշխատանքային ռեժիմի շրջանակում է, ինչի կապակցությամբ սեպտեմբերի վերջին այց է նախատեսվում Չինաստան:
«Օրակարգում լինելու է նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը, մենք ունենք առաջարկներ շատ կազմակերպություններից, բայց երկուսն ենք առանձնացրել: Չինական կողմից առաջարկներ ենք ստացել երկաթգծի հետ կապված, ինչպես նաեւ հայտնել ենք մեր առաջարկների մասին»: Գագիկ Բեգլարյանը մանրամասներ չցանկացավ նշել՝ ասելով, որ ամեն ինչ կասի համաձայնության գալուց հետո: «Բայց չինական կողմը շահագրգռվածություն ունի, եւ իմ կարծիքով, լավ առաջարկներ են արել, ամեն դեպքում կքննարկենք, կտեսնենք»-եզրափակեց նա:
Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին եւ նշեց, որ իրենք սակագինը սուբսիդավորելու են միայն բնակչության համար: Նրա խոսքով, հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, թե Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն բնակչության, այլեւ խոշոր բիզնեսի համար:
«Իրականում իրավիճակը բոլորովին այլ է: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա ենք վերցնում բնակչության բեռը: Մենք մտածում ենք նաեւ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու եղանակների մասին, բայց չեմ կարծում, որ Կառավարությունը պետք է ֆինանսավորի նաեւ խոշոր բիզնեսը»,- հայտարարեց Աբրահամյանը:
Երեկվա նիստում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նկատեց, որ Ադրբեջանում կայացած Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածության աստիճանը մեկ բարձրանում է, մեկ իջնում: «Մեր հարեւանները փորձում են լարվածությամբ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ շահել»,-նշեց նա: Նախարարի խոսքով՝ վերջին օրերին հակառակորդը կրակում է խոշոր հրաձգային զենքերից եւ ավելի բարձր խոցման աստիճան ունեցող ականանետերից:
«Վերջին օրերի ընթացքում մի քանի դիվերսիոն-հետախուզական փորձեր են եղել, որոնք հայկական զինուժի կողմից կանխվել են», – հավելեց Օհանյանը: Պաշտպանության նախարարը նշեց, որ հայկական կողմի` հրադադարի ռեժիմի պահպանման հորդորներին հակառակորդը պատասխանում է լարվածությամբ: «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները հաստատակամ են, իրենց պարտականությունները գերազանց կատարում են: Ցավոք սրտի, մենք վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ: Բայց, այնուամենայնիվ, մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք», – եզրափակեց նախարարը:
Կառավարության երեկվա նիստում փոփոխություն կատարվեց նաեւ ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում հանքային հումքերի տեսակներին եւ ընդերքին վերաբերող տեղեկատվության` ՀՀ տարածքից ԵՏՄ ոչ անդամ երրորդ երկրներ արտահանելու տրամադրման գործընթացի կարգավորման մասին: Դրանով երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

 
ԻՆՉՈՒ ՇՈԳ ԵՂԱՆԱԿԻՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի երկրորդ կեսին Հայաստանում բավականին շոգ եղանակ է սպասվում: Օդերեւութաբան Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ այս պահին հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը չի զիջում իր դիրքերը, եւ հանրապետությունը շարունակում է գտնվել արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ: «Ներկա պահին մայրաքաղաքում 39 աստիճան է, իսկ առաջիկա օրերին սպասվում է 39-40 աստիճան տաքության առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է ավելի բարձր ջերմաստիճան գրանցվել» «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածի համաձայն՝ աշխատավայրերում հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում: Այսինքն՝ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատողներին գործատուները պարտավոր են հնարավորություն տալ մի քանի ընդմիջում վերցնել աշխատապրոցեսի ընթացքում:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում այս առումով: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիա՝ պարզելու աշխատանքային օրենսգրքի նշված հոդվածը հաշվի առնելով՝ արդյո՞ք բողոքներ կամ դիմումներ չեն ստացել աշխատակիցներից: Սակայն Արհմիությունից մեզ տեղեկացրին, որ նման բան տեղի չի ունեցել. բողոքներ եւ դիմումներ չկան:
«Մանգո» եւ «Հագուստի աշխարհ» խանութ-սրահներից էլ «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ այնքան էլ չեն դժգոհում շոգերից: «Մեր աշխատանքային ոլորտը դրսում չի: Մենք շինարարություն, կանաչապատում եւ նմանատիպ բաներ չենք անում: Խանութում հանգիստ մեր ութ ժամը անցկացնում ենք: Իսկ ընդմիջումից օգտվում ենք սահմանված ժամով»,- ասաց «Մանգո» խանութ-սրահի աշխատակիցներից մեկը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Երեւանշին» ընկերության հետ, որտեղից փոխանցեցին՝ թեեւ աշխատանքներ կատարվում են, սակայն աշխատողներից բողոքներ չեն ստացել: Նույն պատասխանը հնչեցվեց նաեւ «Հորիզոն-95» շինարարական ընկերությունից: Շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատակիցներից դժգոհություններ չկան: «Դժգոհ լինենք-չլինենք՝ աշխատում ենք, որեւէ խնդիր չկա, դժգոհություններ չկան»,-ասաց նա:
Փաստորեն Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ գերադասում են անգամ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում շարունակել աշխատել, քան առանց աշխատանքի մնալ՝ անկախ նրանից՝ գոհ են, թե դժգոհ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ
Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սեւ գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ: Մտահոգություն կա, որ ադրբեջանական Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել եւ հետագայում հրետակոծել Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որ մաս է կազմում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին:

 

ՀՐԴԵՀՆԵՐԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Այս ամառ անսովոր շոգ եղանակի պատճառով Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ, ցորենի արտեր եւ այլն: Հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 5-ը Տավուշի մարզի տարածքում 58 հրդեհ է բռկվել: Մարզի իրավապահներից տեղեկացանք, որ հրդեհներից միայն 4-ն է տեղի ունեցել սահմանամերձ տարածքների ադրբեջանական գնդակոծության պատճառով: Մնացած դեպքերում հրդեհները բռնկվել են բնակիչների կողմից կրակի հետ անզգույշ վերաբերմունքի կամ այլ պատճառներով:
Իջեւանի տարածաշրջանի Աչաջուրի համայնքապետարանից տեղեկացանք, որ հուլիսի 30-ին գյուղի «Խունամ» տեղամասում կրակից ամբողջությամբ այրվել է Աչաջրի 17 բնակչի պատկանող 4.75 հեկտար խաղողի այգի եւ 16 տոննա կուտակված խոտ: Իսկ հուլիսի 27-ին Աչաջրի Միջնահանդ հանդամասում կրակից ամբողջությամբ այրվել է 0.28 հեկտար խաղողի այգի, նույնքան խաղողի այգի էլ կիսով է ոչնչացել: Դրանք պատկանել են գյուղի 2 բնակչի: Հրդեհից նույն տեղամասում ոչնչացել է 3 տոննա կուտակված խոտ:
Տավուշի մարզի հրշեջները, իրավապահները, համայնքապետերը բնակչությանը հորդորում են պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չվառել հնձած արտերի տարածքները եւ այլն: Սակայն այդ հորդորներն արդյունք չեն տալիս: Օգոստոսի 13-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Իջեւանի տարածաշրջանի Կիրանց գյուղի դաշտերում: Գյուղացիները արտը հնձելուց հետո դաշտը վառել էին, ինչի հետեւանքով կրակը տարածվել էր մոտակա անտառում: Իսկ արդեն կեսօրից հետո կրակը տարածվել էր Կիրանց եւ Ներքին Ծաղկավան գյուղերի հացահատիկի հրդեհված դաշտերում եւ այնտեղից ծավալվել դեպի անտառ:
Քանի դեռ Տավուշի մարզում ոչ ոք պատասխան չի տվել նման անփույթ վերաբերմունքի պատճառով բռնկված հրդեհների համար, կրակի նոր օջախներն անխուսափելի են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս