ԿԱ՛Մ ԲԱՆՏԱԽՑՈՒՄ ԿԿԱԽԻ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ԿԱ՛Մ ԱՊՈՒՐՈՎ ԿԹՈՒՆԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանությունը, կարծես, բացահայտված է համարվում: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ պարզվել են սպանության հանգամանքները: Սպանության մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է Մուշեղ Մխիթարյանը, կամ, ինչպես շատերն են ասում, Մխիթար Մուշեղյանը: Այդուհանդերձ, շատ հարցեր դեռեւս չեն ստացել իրենց պատասխանները: Ավելին՝ յուրաքանչյուր նոր հանգամանքի ի հայտ գալուն պես առաջ են գալիս նորանոր հարցեր:

Armlur.am-ը ստեղծված իրավիճակի եւ մինչ այժմ պտտված վարկածների մասին խոսեց մոգ, «6-րդ զգայարան» հաղորդաշարում Անի Մաջնունյանի գործընկեր, նրա նախկին կողակից Գաբրիել Փանյանի հետ:
Վերջինս, պարզվեց, ոչ միայն տիրապետում է դեռեւս չհրապարակված որոշ մանրամասների, այլեւ կատարվածի շուրջ ունի սեփական դիրքորոշումը:
-Պարո՛ն Փանյան, հավատո՞ւմ եք սպանության բացահայտման վարկածին:
-Այո՛: Գործը բացահայտված է: Երեւի թե դա հենց նրա շահերից է բխում: Ավելի լավ է՝ նա փակի տակ լինի: Հակառակ դեպքում ես նրան կհասնեմ, այդ ժամանակ Դուք հաստատ սերիական հանցագործություն կունենաք (ծիծաղում է)… Մինչդեռ, ես կարծում եմ, որ սա Մուշեղը անել չէր կարող: Նման կերպ սպանելու համար պետք է պրոֆեսիոնալ լինել, լավ պատրաստված:
-Ձեր խոսքերի մեջ, կարծես, հակասություն կա: Դուք ասում եք, որ գործը պետք է բացահայտված համարել, միեւնույն ժամանակ նկատում եք, որ նման ոճրագործության համար պետք է լավ պատրաստված լինել, իսկ Մուշեղը, կարծես, այնքան էլ լավ պատրաստվածի տպավորություն չէր թողնում:
-Հիշե՛ք մի բան՝ նա հաստատ երկար չի ապրելու: Նա կա՛մ բանտախցում կկախի ինքն իրեն, կա՛մ ապուրով կթունավորվի: Ա՛յ, հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ եւս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է՝ այլ գուշակ: Բայց մի բան հիշեք՝ Անիի հետեւից գնացող մարդը արտաքին տվյալներով կհամապատասխանի նրան: Նա կլինի կարճահասակ եւ հենց ա՛յս բնագավառից: Եթե դա լինի, ուրեմն մենք բռնել ենք ոչ այն մարդուն:
-Զարմանալի չէ՞, որ այսքան արագ հնարավոր եղավ բացահայտել սպանությունը, մանավանդ, որ դեպքից հետո Անիի հարազատները որեւէ մեկին չէին կասկածում: Միաբերան կրկնում էին, թե նա թշնամիներ չուներ: Իսկ մեղադրվողի անձնական տվյալներում բավականին շատ հակասություններ կան:
-Իրավապահ մարմինների բոլոր ուժերը կենտրոնացած էին դեպքի բացահայտման ուղղությամբ, ուստի զարմանալի չէ, որ համեմատաբար կարճ ժամանակում գործը բացահայտվեց: Չէր կարող արագ չբացահայտվել, քանի որ նա իր հետեւից հեռախոս էր թողել, որից հանված է եղել սիմ քարտն ու մարտկոցը: Նա ամենակարեւոր բանն է թողել՝ պլանշետը, որում եղել է իր իսկ լուսանկարները: Ո՞ր գիտակից մարդը կթողներ այն իրը, որը կտանի հենց իր մոտ: Եթե աֆեկտ է, ապա շատ հետաքրքիր է: Նա թողնում է բանալին, զենքը, մոտակա եկեղեցու մոտ վառում է իր արյունոտված շորերը, վառում է սիմերն ու մարտկոցները… Այդ ինչպե՞ս: Վերքերի տեսքն է շատ հետաքրքիր. դրանք խորը չեն: Իսկ սա խոսում է այն մասին, որ մարդը, ով հանցանք է գործել, կին է: Կինը մինչեւ վերջ դանակը խրել չի կարող: Հետո էլ, երբ հեռուստաաստղին առանց որեւէ պատճառի գազանաբար սպանում են, հայտնվում են այլ մարդիկ եւս, որոնք ցանկանում են օգնել:
-Այլ մարդիկ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք: Դուք ե՞ւս փնտրել եք մարդասպանին:
-Այո՛: Մենք կասկածյալ ունեինք: Տարբեր վարկածներ կային:
-Ի սկզբանե կասկածյալը նույն անձը չէ՞ր, ով այս պահին կալանավորված է:
-Ո՛չ, սկզբում մենք երկու այլ անձանց էինք կասկածում: Սակայն, ի ուրախություն նրանց, կասկածները չփարատվեցին:
-Ովքե՞ր էինք նրանք:
-Չեմ կարող ասել: Նրանք այլեւս գործի մաս չեն կազմում: Հետո էլ տխմարները մեր քաղաքում հերիքում են. կարծում են՝ «մանյակը» ես եմ:
-Ի՞նչն է պատճառը, որ մարդկանց մոտ նման կարծիք է ձեւավորվել:
-Չեմ պատկերացնում:
-Իսկ Դուք անձամբ ճանաչե՞լ եք Անիի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանին:
-Չէ՛:
-Ասում են՝ նա թատրոնի հիմնադիր-տնօրեն է…
-Նա ոչ մի բանի տնօրեն էլ չէ: Նա սովորական, պրոֆեսիոնալ խաբեբա է: Նա անգամ պրոֆեսիոնալ չէ: Նա մարդ է, ով շատ պարտքեր ունի, ով սկզբունքներ, նպատակներ, ոչինչ չունի:
-Այս ամենը դեպքից հետո՞ եք բացահայտել:
-Սկզբունքորեն այո, որովհետեւ դրանից առաջ նրան ոչ ոք չի էլ ճանաչել: Սրան գումարած՝ նա ոչ թե սիրեկանի կարգավիճակում է եղել, այլ հաճախորդի:
-Բայց խոսակցություններ կան, որ Մուշեղն ու Անին այնքան մտերիմ են եղել, որ բավականին հաճախ են հանդիպել: Արդյոք սովորական հաճախորդը կարո՞ղ էր նման հաճախականությամբ այցելել Անիին:
-Ես էլ ունեմ հաճախորդներ, որոնք օրվա մեջ մի քանի անգամ կարող են գալ-գնալ: Բայց դա չի նշանակում, որ պիտի թուր-թվանք առնեն, գան, մորթեն: Իհարկե, ես չեմ բացառում, որ նրանք կարող էին մտերիմ լինել: Ի դեպ, մենք վկա ունենք, ով գտնվել է հենց դեպքի վայրում:
-Խոսքն այն աղջկա մասի՞ն է, ով Մուշեղի հետ, ըստ նախնական տեղեկությունների, մտել է Անիի բնակարան:
-Ո՛չ, խոսքը միանգամայն այլ աղջկա մասին է: Եղել է այլ վկա եւս, ում հենց ես էի ուղարկել Անիի բնակարան:
-Ինչո՞ւ եք ուղարկել այդ աղջկան Անիի մոտ:
-Մարդուն պրոֆեսիոնալ օգնություն էր անհրաժեշտ: Եվ նրան կարող էր օգնել հենց Անին: Այդ աղջիկը իմ հեռախոսով Անիի հետ պայմանավորվեց երեկոյան ժամը 9-ին, ժամանեց այնտեղ, նրանք մի փոքր շփվեցին՝ 23:30-23:40: Որից հետո հայտնվեց այդ «սմբակավոր ձին»: Ու այդ աղջիկը նրան տեսել է: Բայց քանի որ մեր վկան մի քիչ не в себе, ընդհանուր դիմագծերը հիշել է, բայց պարզ չէր կարողանում տեղը բերել: Ըստ նկարագրածի՝ միանգամից երկու կասկածյալ հայտնվեց: Մեկին ես ականջներից բռնած բերեցի, ու մինչեւ բերեցի, նա այլեւս «պետք չէր»:
-Ստացվում է, որ Ձեր ուղարկած մարդը դեպքի ժամանա՞կ է եղել Անիի բնակարանում:
-Ո՛չ, նա եղել է այն ժամանակ, երբ այդ Մուշեղ կոչեցյալը նոր մտել է այնտեղ: Լպիրշ ձեւով նստել է բազմոցին, իրեն զգացել է, ինչպես իր տանը:
-Այդ դեպքում ինչո՞ւ է Ձեր ուղարկած աղջիկը համարվում վկա: Նա չի՞ տեսել Անիին հարվածելու պահը:
-Ո՛չ: Դուք խոսում եք Աննայի մասին, ով Մուշեղի հետ այնտեղ է գնացել: Մարդասպանն այնտեղ է գնացել երկու անգամ: Մի անգամ միայնակ է, երկրորդ անգամ՝ այդ աղջկա հետ: Նրան թողել է աստիճաններին ու արել է իր գործը: Իսկ երբ այդ աղջկան հետաքրքրել է՝ ինչու է ուշանում Մուշեղը, ներս է մտել, ու պատկերացրեք՝ 18 տարեկան աղջիկը տեսել է լրիվ արյունոտված Մուշեղին: Ужас: Ու Մուշեղն այդ աղջկան սպառնացել է՝ վիզդ կկտրեմ, եթե ձեն հանես:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

 
ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՆ, ԻՍԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ
Այսօր անընդմեջ խոսվում է այն մասին, որ երգարվեստի հայկական շուկան բավական փոքր է, սակայն կան արտիստներ, որոնք ունեն այդ շուկայի սահմաններից դուրս գալու մասնագիտական ներուժ, թեեւ նրանց զգալի մասը չունի միջոցներ:
Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Սերժ Գաբյանը տեսնում է մի քանի հայ արտիստների, որոնք ունեն նման հնարավորություն, սակայն, նրանց մեծ մասի շուրջ կազմավորված են ոչ այդ նպատակին ծառայող թիմեր: Ռեժիսորի գնահատմամբ. «Արամ MP3-ն, օրինակ, ունի դրսում սիրվելու բացառիկ շանս, պարզապես նրան հարկավոր է ավելի մեծ թվով երգեր եւ ակտիվություն: Արամի թիմն, օրինակ, բավական պրոֆեսիոնալ է: Նման թիմեր ժամանակի ընթացքում կձեւավորվեն: Հայաստանում կան մասնագետներ, որոնք կարող են լավ արտադրանք տալ, պարզապես նրանք ցրված են ու մի քիչ ամբիցիոզ»,-նկատեց նա:
Այնուամենայնիվ, Ս. Գաբյանի կարծիքով` թե՛ երգերի, թե՛ տեսահոլովակների արտադրության առումով Հայաստանն առաջ է շատ եվրոպական երկրներից, պարզապես դրանց տարածման մասշտաբներն են տարբեր. «Պետք չէ կենտրոնանալ արտերկրից մասնագետներ հրավիրելու վրա, ընդհակառակը, պետք է ֆինանսավորել ու զարգացնել մեր ներքին արտադրողականությունը: Դրսի արտիստները, հաճախ տեսնելով մեր արած աշխատանքի որակն ու դրա մատչելի գինը, զարմանում են, իսկ դրսի շատ հայեր նույնիսկ չեն էլ հավատում որ «խեղճ ու կրակ» Երեւանում նման բաներ են ստեղծվում, ու այդպես անտեղյակ էլ ապրում են` աշխատելով արտերկրյա «ճ» կլասի իրենց ծանոթների հետ, որովհետեւ արտերկրյա «ա» կլասը բավականին անհասանելի է իրենց համար»:
Ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայաստանյան երգարվեստի լավագույն դեմքերը underground-ում են: «Նրանց մեջ կան շատ հաջող երգիչ-երգչուհիներ, որոնք իսկապես մրցունակ են եւ կարող են դուրս գալ միջազգային շոու-բիզնես: Կարծում եմ` առաջին տեղում Գոռ Սուջյանն է: Շատ մեծ պոտենցիալ ունի նաեւ Աղվան Պապոյանը. եթե նա մի փոքր նկատվի, ստեղծագործական թռիչքն անխուսափելի կլինի: Նարինե Դովլաթյանը մի փոքր կյանքի փորձ ձեռք բերելուց հետո եւս կարող է դասվել նրանց թվին: Հաճույքով եմ լսում նաեւ Անուշիկ Ալավերդյանին»,-նկատեց նա:
Լուսինեի խոսքով` մեր եւ միջազգային շուկայի պահանջները բավական տարբեր են. դա առավել ակնհայտ է դառնում եվրատեսիլյան քննարկումների ժամանակ. «Դու հասկանում ես, որ այն, ինչ մենք ունենք, առանձին մի կղզի է: Շատ շնորհալի աստղեր, ցանկանալով մշտապես մնալ ուշադրության կենտրոնում, հարմարվում են ժողովրդի պահանջներին, բայց եթե նրանք իսկապես տաղանդավոր են, միեւնույն է, մի օր կպայթեն եւ դուրս կգան այդ սահմաններից»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԻՐԿՈՐՈՎԻ ՎՐԱ
Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» մրցույթի համերգի փորձի ժամանակ երկրպագուհին հարձակվել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի վրա: Այս մասին հայտնել է allcrimea.net-ը։
Երկրպագուհի Տատյանա Պուշինան, որը մեկ տարի անցկացրել է հոգեբուժարանում, գաղտնի ներխուժել ու անսպասելիորեն հարձակվել է Կիրկորովի վրա՝ բղավելով. «Ֆիլիպ, ես քո կինն եմ։ Ինձ քեզ հետ տար։ Ուզո՞ւմ ես՝ քեզ ջակուզիում լողացնեմ»։
Ի դեպ, այս կինը մեկ անգամ չէ, որ հարցազրույց է տվել լրագրողներին եւ պնդել, որ նա Կիրկորովի կինն է։

 

ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ
«Ֆուլ Հաուս» հումորային սիթքոմում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանն ընկերուհի ունի: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր ընտրյալը` Քրիստինան, Միացյալ Նահանգներից է. նա յոգայի ուսուցչուհի է. «Միմյանց վաղուց ենք ճանաչում, սակայն ընկերություն սկսել ենք անել այս տարվա մարտից, երբ հյուրախաղերով ԱՄՆ-ում էի»,-տեղեկացրել է Մոսոն:
Դերասանի ընկերուհին այս օրերին Հայաստանում է: Մոսոն նշել է, որ սա սիրելիի երկրորդ այցն է հայրենիք. «Այս օրերին միասին շրջում ենք մեր երկրի տեսարժան վայրերով: Ընկերուհիս ծանոթացել է նաեւ ընտանիքիս հետ»: Հարաբերությունների օրինականացման մասին զույգը եւս մտածում է, սակայն հստակ որոշում դեռ չկա:
Ի դեպ, շուտով կսկսվեն «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանի նկարահանումները, իսկ առաջիկայում սիթքոմի անձնակազմը հումորային ծրագրով կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ:




Լրահոս