Ինչպես հայտնի է` 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր փոխադարձ հաշվարկներում անցնել ռուբլիի, քանի որ գազի դիմաց ռուբլիով վճարելը կօգնի Հայաստանի տնտեսությանը: Այս առաջարկը երկար ժամանակ հանդիսանում էր քննարկման առարկա, շատերը ոչ միանշանակ էին ընդունել վարչապետի առաջարկը:
Մինչ շատերը քննարկում էին նրա առաջարկը և տարբեր կերպ մեկնաբանում, վարչապետը խոսեց լրագրողների հետ և նշեց, որ իր առաջարկին դեռ այդպես էլ չեն արձագանքել: «Ռուբլի-դոլար-դրամ տատանումներն ազդում են մեր տնտեսության վրա, այդ պատճառով մենք առաջարկում ենք, որ գազի դիմաց վճարենք ռուբլիով: Մենք շատ լավ առաջարկ ենք արել: Թող մի բան էլ իրանց ձեռ չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա», – հայտարարել էր վարչապետը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ հարցին անդրադարձավ նաև էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: «Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու հարցը պետք է մանրակրկիտ քննարկվի մեր ռուս գործընկերների հետ: Այդ հարցն օրակարգային է ու իրավական դաշտում առկա է այդ հնարավորությունը, և ես հույս ունեմ, որ առաջիկայում որոշակի հստակեցումներ կլինեն: Դա օրակարգային հարց է և իրավական դաշտում այդ հնարավորությունը կա», – նշեց նա:
Հավելենք, որ այսօր հայտարարություն էր տարածել նաև Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, որով նշել է, որ պատրաստ է իր արտահանման պայմանագրերում ներառել ռուբլով վճարումներ կատարելու մասին դրույթը: Հավելենք նաև , որ վարչապետի այս առաջարկին հիմնականում դրական են վերաբերվում և նշում, որ այն իսկապես դրական արդյունքներ կարձանագրի: