Գյուղացիներն աննախանձելի իրավիճակում են. կառավարությունը խաբում է խաղողագործներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած խաղողի մթերման հետ կապված Արարատի եւ Արմավիրի մարզում տիրող խայտառակ իրավիճակին, երեկ Կառավարության նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը դարձյալ վստահեցրել է, թե խաղողի մթերումը նորմալ ընթացքի մեջ է, եւ արդեն իսկ մթերվել է 80 հազար տոննա խաղող: Նա, իհարկե, խոսել է նաեւ դժվարությունների մասին` դա կապելով այս տարվա 30 տոկսով ավել բերքի հետ: Նախարարը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք իրենք միայն երեկ են իմացել, որ այս տարի Հայաստանում խաղողի բերքն առատ է լինելու, իսկ եթե ոչ, ապա ինչպես էր նա մի քանի օր առաջ դարձյալ հավաստիացնում, թե ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա, եւ ինչ է մինչ օրս արել` դա թույլ չտալու համար:

Իրականում պատճառն այն է, որ մթերող կազմակերպությունների զգալի մասը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ չի կարողացել ամբողջությամբ իրացնել դեռ նախորդ տարվանից պահեստավորած արտադրանքը` Ռուսաստանի շուկայում տիրող անկայունության հետեւանքով: Այս մասին, սակայն, ԵՏՄ-ին անդամակցելը մեր գյուղատնտեսական վերելքի երաշխիք համարող Սերգո Կարապետյանը շատ չի ցանկանում բարձրաձայնել եւ մեղքը գցում է «առատ բերքի» վրա:

Եվ մինչ ՀՀ թիվ մեկ գյուղատնտեսը զբաղված է լեզվական էկվիլիբրիստիկայով, Արարատի եւ Արմավիրի մարզի գյուղացիները չգիտեն, թե ինչ են անելու իրենց աճեցրած խաղողի բերքը, քանի որ մթերող կազմակերպությունները հրաժարվում են այն ընդունել: Օրեր շարունակ մթերող գործարանների դռներին սպասող գյուղացիների համբերությունը երեկ հատել էր. Արարատի մարզի Նարեկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Վերին Արտաշատ եւ այլ գյուղերի բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով փակել էին միջպետական նշանակության ճանապարհը եւ բողոքի մեծ ակցիա անցկացրել:

Նրանք պահանջում են մթերել իրենց ունեցած խաղողը, սակայն վերամշակող ընկերությունները հրաժարվում են՝ պատճառաբանելով, թե գյուղացիների խաղողը վատորակ է: Բացի այս, եթե գյուղացին պայմանագիր ունի կնքած վերամշակող ընկերության հետ, ապա վերջինս ընդունում է միայն պայմանագրում նշված քանակությունը: Իսկ եթե գյուղացին պայմանագրում նշված քանակությունից ավել բերք է ունենում, ապա վերամշակող ընկերությունները հետ են ուղարկում: Երեկ խաղողագործներից շատերին հետ են ուղարկել տուն՝ հրաժարվելով մթերել պայմանագրում նշվածից ավել քանակությունը: Եվ սա այն դեպքում, երբ գյուղնախարար Սերգո Կարապետյանն ընդամենը օրեր առաջ հայտարարեց, թե ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին խաղողի մթերումից բողոքող գյուղացիներին նույն դատարկ խոստումները տվեց նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա մասնավորապես խոստացավ, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը բոլոր գյուղացիների խաղողը կմթերի: «Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ ձեզ օգտակար լինել, ձեր մատից ինչ-որ փուշ հանել: Գործարանը խաղողի այնքան պահանջարկ չունի, որքան առաջարկում են գյուղացիները, բայց հանձնարարել եմ սեպտեմբերի 21-ից ընդունել բերքը` կիլոգրամը 150 դրամով»,-գյուղացիների հետ հանդիպմանը հայտարարեց Ծառուկյանը: Սակայն, ինչպես պարզվեց հետագա օրերին, Ծառուկյանն էլ իր խոսքին տեր չկանգնեց:

Ստեղծված իրավիճակին ինչ-որ լուծում տալու նպատակով երեկ՝ օրվա վերջին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Արարատի մարզ եւ մարզպետարանում խորհրդակցություն անցկացրել: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը եւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` խորհրդակցության ժամանակ վարչապետը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:

Մինչ Արարատի մարզում լարված իրավիճակ է, այս ընթացքում նույն խնդրի առնչությամբ բողոքի ալիք է հասունանում նաեւ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում: Այս գյուղի բնակիչ Համլետը, ով երկար տարիներ խաղողի մշակությամբ է զբաղվել, այսօր հայտնվել է աննախանձելի իրավիճակում: «Արդեն մի քանի օր է, ինչ նյարդային ապրումների մեջ եմ: Տոննաներով խաղող ունենք, բայց չեն մթերում: Ես հենց նոր գալիս եմ Սասունիկից, որտեղ գտնվում է «Արմենիա Վայն» ընկերությունը, վաղ առավոտյան գնացել էի Արմավիր: Էլ տեղ չկա, որ գնացած չլինեմ, բայց անարդյունք: Ոչ մի տեղ դրական պատասխան չեն տալիս»,- դժգոհեց Համլետը:

Առատաշենցի մեկ այլ խաղողագործ՝ Կարենը, նույնպես հայտնվել է անելանելի դրության մեջ. «Մենք նախորդ տարի խաղողի այգի ենք գնել, որը Երեւանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի 15 տարվա մատակարարն է եղել: Մինչ այգին վաճառելը, նախկին տերը նախորդ տարի նախապես այս տարվա համար պայմանագիր էր կնքել տվյալ ընկերության հետ: Բայց երբ գնում եմ, որ խաղող առաջարկեմ, հրաժարվում են մթերել՝ պատճառաբանելով, որ այգու սեփականատերերը փոխվել են: Արդյունքում տուժում ես, իսկ բերքն էլ փչանում է: Իմ աճեցրած խաղողը հատուկ մթերման համար է նախատեսված, եւ այն ներքին շուկայում չեմ կարող իրացնել»:

Խաղողագործի պնդմամբ՝ Ծառուկյանին պատկանող վերամշակող ընկերություններում, երբ տեսնում են, որ բեռնատարի մեջ լցված խաղողի մեկ հատիկն անգամ փչացած է, անմիջապես հրաժարվում են այն մթերելուց՝ հորդորելով տուն գնալ:

Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանի խոսքերով՝ այս իրավիճակում են հայտնվել Էջմիածնի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերի բնակիչները: Հիմնականում դժվարին կացության մեջ են այն խաղողագործները, ովքեր վերամշակող ընկերությունների հետ չունեն կնքած պայմանագրեր. «Թե չէ գյուղնախարարն ամեն օր խոստանում է, որ բոլոր ընկերություններն էլ խաղողը կմթերեն, իսկ թե այդ օրը երբ է գալու, հայտնի չէ»:

Խաղողի, վարունգի մթերման հարցն այսօր դարձել է օրակարգային խնդիր: Պատկան կառույցները պնդում են, որ ամեն ինչ ձեռնարկում են՝ այս խնդիրը կարգավորելու համար: Արդյունքը, սակայն, դեռ տեսանելի չէ: Օրինակ՝ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը կրկին անդրադարձել էր այս անգամ արդեն Առատաշենում վարունգի մթերման խնդրին: Մեզ հետ զրույցում գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանը խոստացել էր զբաղվել խնդրով: Առայժմ, սակայն, ոչ մի դրական արդյունք: Մինչդեռ առատաշենցիներն ամեն օր տոննաներով վարունգ են թափում:

Փաստորեն, ստացվում է, որ հայրենի Կառավարությունը, Սերգո Կարապետյանի նման գյուղնախարարի ջանքերով, ամեն կերպ նպաստում է, որ Հայաստանում գյուղերը դատարկվեն, որ ողջ տարին հողի հետ կռիվ տված եւ իրենց բերքը մթերող գործարանների դռանը թափած խեղճ գյուղացիները վերջնականապես զզվեն այս իրավիճակից ու իրենց հողերը թողնելով` արտագաղթեն Հայաստանից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս