ՀԱՐՑ. Վերջերս գնել ենք նոր բնակարան եւ որպես «Երեւան ջուր» ընկերության բաժանորդ՝ ցանկանում ենք անվանափոխություն կատարել: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ նախ ցանկալի է բնակարանը գնելիս վաճառողից պահանջել հստակեցնել ֆինանսական հարաբերություններն ընկերության հետ, բնակարանը գնել առանց պարտքի՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Այնուհետեւ քաղաքացին պետք է «Երեւան ջուր» ՓԲԸ-ի առեւտրային տնօրինության համապատասխան տարածքային ծառայություն դիմում ներկայացնի անվանափոխություն կատարելու վերաբերյալ՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝ անձնագրի պատճեն, առքուվաճառքի պայմանագիր, բնակարանի սեփականության վկայագիր, տեղեկանք` փաստացի բնակվող անձանց քանակի վերաբերյալ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր հայրենակիցները սովորաբար կենտրոնանում են առկա կամ բացակա պարտքը ճշտելու վրա: Անվանափոխության հարցը, որպես կանոն, հետաձգվում է ընդհուպ մինչեւ այնքան, որ նոր սեփականատերը տարիներ անց բնակարանը վաճառելու դեպքում նկատում է, որ դիցուք՝ ջրի բաժանորդը տան նախկին տերն է շարունակում մնալ: