Հոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ոչ միայն լավ առիթ է քննարկելու կազմակերպության և դրա անդամ երկրների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները, հաջորդ տարի Անտանանարիվույում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, այլև` անդրադառնալու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին։
Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` նախարար Աթալլան կարևորեց արտգործնախարարների երևանյան հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ հենց Երևանում է Մադագասկարը ստանձնելու Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Մադագասկարի միջև համագործակցության ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական բնագավառում փոխգործակցության հաստատման շուրջ։ Այս առումով կարևորվեց առաջիկա օրերին երկու երկրների միջև ստորագրվելիք փաստաթղթերը։
Նախարար Աթալլան, շնորհակալություն հայտնելով, որ Հայաստանում կրթություն են ստացել բազմաթիվ մադագասկարցի մասնագետներ, հետաքրքրություն հայտնեց Հայաստանի հետ կրթական բնագավառում փոխգործակցության առումով։
Գոհունակությամբ արձանագրելով, որ դեռ 1982թ. Երևանի և Անտանանարիվույի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ, նախարարները պայմանավորվեցին երկու մայրաքաղաքների միջև համագործակցության վերագործարկման մասին։
Մադագասկարի արտգործնախարարը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր երկրի գալիք նախագահության առաջնահերթությունները։