Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, հնարավոր են ջրածածկումներ: Այս մասին հայտնում են Հայաստանի արտակարգ իրավիչակների նախարարությունից:
Ըստ այդմ, մարտի 15-17-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճանով: Առավելագույն ջերմաստիճանը նշված օրերին լեռնային շրջաններում կտատանվի +11…+16, Լոռիում` +17…+22, Տավուշում` +23…+28, Արարատյան դաշտում` +22…+25, Արագածոտնի եւ Սյունիքի նախալեռներում` +20…+25, Սյունիքի հովիտներում` +25….+28 աստիճանի սահմաններում:
Հայաստանի գետերի ջրհավաք ավազաններում հիմնական հոսքագոյացման գոտին ձեւավորվում է 1800-2400 մ բարձրություններում թափվող մթնոլորտային տեղումներից եւ ձյան հալոցքից: Մարտի 13-ի դրությամբ հանրապետության տարածքում` սկսած 1600 մ, իսկ Տավուշում եւ Սյունիքում` 1900 մ բացարձակ բարձություններից, առկա է ձյան ծածկ: Ներկայումս ձնածածկույթի բարձրությունը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում եւ Վայոց ձորում նշված բարձրությունների վրա տատանվում է 50-90 սմ սահմաններում: Ձյան ինտենսիվ հալք նշված գոտիներում առաջանում է, երբ օդի ջերմաստիճանը գիշերը չի իջնում +6…+8 աստիճանից, իսկ ցերեկը բարձրանում է +10…+15 աստիճանի:
Հոսքագոյացման գործընթացն ավելի ինտենսիվ է դառնում, երբ ձնհալքի ժամանակ սկսվում են հեղուկ տեղումներ:
Մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետեւանքով հնարավոր է ափամերձ տարածքների եւ բնակավայրերի ջրածածկում:
Հայաստանում նմանատիպ երեւույթ դիտվել է 2004 թ. մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, երբ ձյան ծածկի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան ներկայումս: Դիտված (նմանատիպ ջերմային ֆոն կանխատեսվում է հենց մարտի 15-17-ին) օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով գետերի մեծ մասում, մասնավորապես` Դեբեդի, Հրազդանի, Քասախի, Ախուրյանի եւ Արփայի գետավազաններում դիտվեցին վտանգավոր եւ անբարենպաստ ելքեր:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` հանրապետության մարզային փրկարարական վարչությունները տեղեկացվել են եղանակի սպասվող փոփոխությունների ու հնարավոր ձրածածկումների վերաբերյալ եւ տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։
Դեռեւս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` 2013 թ. գարնանային վարարումների եւ սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի եւ սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։




Լրահոս