ՓՊ մամուլի խոսնակը առայժմ չի կատարի փաստաբանների պահանջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է՝ հանրության քննարկման թեման փաստաբանների համայնքում տիրող անախորժ մթնոլորտն է: Վերջին թարմ նորությունն այն է, որ Փաստաբանների պալատի նախագահի հրամանով աշխատանքային կարգապահական վարույթ է հարուցվել պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ:

Նպատակը, ինչպես հայտնի է, xnews.am լրատվական կայքում այս տարվա հուլիսի 6-ին «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերտառությամբ և հուլիսի 30-ին «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակմանը նրա առնչության վարքագիծը ստուգելն է։

Հայտնի է նաև, որ իրադարձությունների կիզակետում հայտնված փաստաբանները, մասնավորապես Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և մի քանի այլ փաստաբաններ, միանգամայն այլ պահանջ էին ներկայացրել ՓՊ նախագահին: Այսպես, մի շարք փաստաբաններ հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին, որ Հայկ Հակոբյանի կողմից փաստաբանների վերաբերյալ վերը նշված նյութերը լրագրողին ուղարկած լինելու և դրանք հրապարակելու հորդորով կամ խնդրանքով դիմած լինելու մասին փաստերը հաստատվելու դեպքում՝ անմիջապես միջոցներ ձեռնարկվեն նրա հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ:

Փաստաբանների պահանջներն այսքանով չեն ավարտվում: Նրանք ակնկալում են մանրամասն հաշվետվություն/ուսումնասիրության արդյունքներ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի կողմից փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի մասին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումներ կատարելու մասին լրագրողի կատարված հրապարակման վերաբերյալ:

Փաստաբանները նաև հայտարարել են, որ ակնկալում են պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մանրամասն բացատրությունները փաստաբանների վերաբերյալ նյութեր պատվիրելու միջադեպին հնարավոր մասնակցության մասին: Միաժամանակ նաև՝ պարզաբանումներ այն մասին, թե ինչ լրատվական քաղաքականություն է վարում փաստաբանների պալատն առհասարակ, ով է որոշում այդ քաղաքականության հիմնական ուղղությունները և ով է վերահսկում պալատի աշխատակազմի գործունեության այդ հատվածը:

Ըստ երևույթին, ՓՊ նախագահը առայժմ բավարարվեց միայն կարգապահական վարույթ հարուցելով: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ իրենց չի բավարարում վերոնշյալ որոշումը և շարունակում են պահանջել Հայկ Հակոբյանի լիազորությունների դադարեցում:

Այդուհանդերձ, ArmLur.am-ը Հայկ Հակոբյանից փորձեց պարզել՝ կհետևի՞ արդյոք փաստաբանների պահանջին և աշխատանքից հեռանալու դիմում կներկայացնի՞, ինչին ի պատասխան Հակոբյանն ասաց. «Աշխատանքից հեռանալու դիմում ներկայացնելու մասին դեռ խոսակցություն չկա»:

Կատարվածի շուրջ մեր զրուցակիցն այլ մանրամասներ չցանկացավ ներկայացնել՝ նշելով, որ պարզաբանումներն ինքն արդեն արել է. «Ինչ ասել եմ, իրականությունը դա է, այլ ասելիք չունեմ: Ինչ վերաբերում է կարգապահական վարույթին, ծանուցումը ստացել եմ, ընթացքի մեջ է»:

Այսպիսով, մնում է սպասել՝ ինչ արդյունք կտա խոսնակի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, և երբ կհարթվի պալատում ստեղծված լարված մթնոլորտը: Ցավալին, թերևս, այն է, որ ներանձնային խնդիրները դարձել են հանրության «սեփականությունը»:

Տաթև Հարությունյան




Լրահոս